Աշխատում էինք լույսը չբացված և սնվում առնետներով. իրականությունը Հս. Կորեայի աշխատանքային ճամբարների մասին (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի աշխատանքային ճամբարում մեկ տարի անցկացրած կինը պատմել է, թե ինչպես են իրեն ստիպել մերկ ձեռքերով կեղտոտ զուգարաններ մաքրել և թե ինչպես են մարդիկ առնետներ կերել՝ փորձելով ողջ մնալ, գրում է The Daily Mail-ը:
Ջի Հյուն Պարկը մեկ տարի է անցկացրել երկրի ամենատխրահռչակ կալանավայրերից մեկում` Չինաստանից արտաքսվելուց հետո, ուր նա փախել էր սովամահ լինելուց խուսափելու համար:

Ջի Հյուն իր կրած չարչարանքների մասին պատմել է Amnesty International-ին` «Այլ հարցազրույց» կոչվող կարճամետրաժ ֆիլմում: Նա բացահայտել է փակ երկրում տիրող կյանքի իրական պատկերը և ասել. «Դա իրոք չափազանց սարսափելի էր: Կարելի է ասել` Հյուսիսային Կորեան ամբողջությամբ մեկ մեծ բանտ է: Մարդիկ բոլորը սոված են: Եվ այժմ անգամ առնետներ, օձեր և վայրի բույսեր չեն մնացել, որ նրանք ուտեն»:

Ֆիլմի անվանումը հղում է կատարում Sony Pictures-ի վերջերս թողարկած «Հարցազրույց» աղմկահարույց ֆիլմին, որտեղ երկու հեռուստատեսային պրոդյուսերների հանձնարարվում է մահափորձ կատարել Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ:
Կինը պատմել է, որ կալանավորներին ստիպել են պահակներին «ուսուցիչներ» անվանել: Նա պատմել է, որ իրենց «անասուններից ավելի շատ էին աշխատեցնում»: Նրանց աշխատանքային օրը սկսվում էր 4:30՝ անգամ մինչև հաց ուտելը: Ամռանը նրանք աշխատում էին մինչև երեկոյան 8-9-ը:










