Մոսկովյան բանակցությունները կշարունակվեն Մյունխենում

13:22 • 07.02.15

Մյունխենում տեղի է ունենում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունենում փակ դռների հետևում, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Հանդիպումից առաջ Գաբրիելը կատակով դժգոհել է Լավրովին, թե արթնացել է առավոտյան ժամը չորսին, իսկ ուրբաթ օրն ընդհանրապես արթնացել է գիշերը ժամը մեկին:

«Այս օրերի ընթացքում քնել եմ երեք ժամ, որպեսզի Ձեզ տեսնեմ»,- կատակել է նա:

 

Սպասվում է, որ Լավրովը շաբաթ օրը նաև հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

 

Անվտանգության համաժողովին առաջինը ելույթ կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իսկ այնուհետև նախատեսված են Լավրովի, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթները:

 

Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդները Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման մասին համատեղ փաստաթուղթ պատրաստելու շուրջ:

 

Այժմ փաստաթղթի քննարկմանը պետք է միանա Պորոշենկոն, իսկ կիրակի օրը կողմերը պետք է նախնական արդյունքներն ամփոփեն «նորմանդական ձևաչափով» շփման ժամանակ: