Երբ հեռուստացույցով ամեն օր ագրեսիա է ուսուցանվում, այն չի կարող չազդել հասարակության ընկալումների վրա. հոգեբան

12:18 • 07.02.15

Երբ որ հեռուստացույցով ամեն օր ագրեսիա է ուսուցանվում, այն չի կարող իր ազդեցությունը չունենալ հասարակության ընկալումների վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած Հայկազ Բարսեղյանի սպանությանը իր իսկ ծառայակիցների կողմից:


«Մենք հիմա կանգնած ենք մի սերնդի առաջ, որտեղ ուժեղ ու ազդեցիկ լինելու ցանկություն կա շատերի կողմից: Բարոյականության նոր սահմանումներ են ստեղծվել՝ սա ճիշտ է, նա սխալ, ու դրա համար կարողանում են մարդ սպանել: Այս փողոցային բարքերի դեմ պայքարել է պետք»,- ասաց նա:


Հագեբանին զարմանք էր պատճառել նաև սպանողների դաժանությունը. «Նրանք կարողացել են մի ամբողջ սցենար մտածել ու դաժանորեն իրականացրել են այն: Որպես հայ ես ամաչում եմ կատարվածի համար, բայց մենք պետք է ջանք գործադրենք, որ այս բացասական արժեքները դուրս գան հասարակության միջից»: