Նորվեգիան պետք է ներկա լինի. նորվեգական թերթի անդրադարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

00:04 • 07.02.15

Նորվեգական «VG» («Աշխարհի ժամանակը») օրաթերթում լույս է տեսել նորվեգական «Սիվիտա» առաջատար վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմաբան Բորդ Լարսենի «Հարյուր տարի անց, միևնույն է, անտեսված» վերնագրով հոդվածը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանված տարբերակը:

«Կառավարությունը պետք է օգտվի առիթից և ճանաչի հայերի ցեղասպանությունը»:

 

Բորդ Լարսեն

 

«Ֆիլիպ Մարսդենն իր գրքում պատմում է, որ երբ նա 2000-ականներին շրջում էր Արևելյան Թուրքիայի լեռներում, մի անգամ մի ոսկոր է ցույց տալիս մի հովվի ու մատնացույց անում այդ տարածքի ավերակներին: Հովիվը պատասխանում է. «Էրմենի»: Այնուհետ վերջինս ոսկորը գցում է իր շանը: Մարսդենն այս դրվագն օգտագործում է` որպես թուրքական հիշողության մշակույթի օրինակ:

 

Զուգահեռներն այսօր

 

2015 թվականի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն խլեց Օսմանյան Թուրքիայի երկու միլիոնանոց հայ բնակչության կեսից ավելիի կյանքը:

Երիտթուրքերը` մեծ առումով ժամանակակից Թուրքիայի «հիմնադիր հայրերը», ինչպես նաև Ցեղասպանության ճարտարապետները, տարված էին եվրոպական ազգային շովինիզմի մոդելի վրա հիմնված մշակութային, կրոնական և քաղաքական միատարր Թուրքիայի ձևավորմամբ:

Ցեղասպանության քայլին դիմելը ոչ թե Օսմանյան ավանդույթի դեմ գնալ էր նշանակում, այլ իսլամական գերիշխանության Օսմանյան պրակտիկայի արմատական և կուտակային ազդեցությունը: Երիտթուրքերը Անատոլիայում քրիստոնյաների դեմ ջիհադ հայտարարեցին` չնայած նրանց համեմատաբար աշխարհիկ ծրագրին: Զուգահեռները Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայիս իրավիճակի հետ, ցավոք, առավել քան տեսանելի են:

Չկա մի բան, որ ավելի կզայրացնի Թուրքիային, քան 1915թ. իրադարձությունների քննադատական հետաքննությունը: Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածն արգելում է «թուրքականությանն» ուղղված ցանկացած վիրավորանք, այդ թվում 1915թ. որպես ցեղասպանություն որակելը: Այդ հոդվածը այս համատեքստում հաճախ է գործի դրվում այս օրերին:

 

Թուրքական ոգին տանջողը

 

Առավել ուշագրավ են Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկին լռեցնելու փորձերը: Նա տարբեր առիթներով խոսել է Հայոց ցեղասպանության մասին` որպես «փիղը սենյակում», որի մասին չի կարելի խոսել, բայց որը տանջում է Թուրքիայի ազգային ոգին:

Թուրքիան հպարտանում է իր աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակությամբ և Արևմուտքի հետ դաշինքով, որը քաղաքական գործիչները չեն ցանկանա վտանգի տակ դնել (ի վերջո արդեն պակաս համոզիչ փաստարկ): Նորվեգիան ակտիվորեն նպաստել է փաստացի պատմական այս իրադարձությունները կասկածի տակ դնելու գործին` հրաժարվելով զբաղվել այդ խնդրով:

Չնայած Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել մոտ հարյուր տարի առաջ, այն այսօր էլ մեծ միջազգային քաղաքական կարևորություն ունի:

Թուրք ձախակողմյան ծայրահեղական քաղաքական գործիչ Փերինչեքը 2008թ. մեղավոր ճանաչվեց և տուգանվեց շվեյցարական դատարանի կողմից` այդ երկիր կատարած իր այցելության ժամանակ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար: Ցեղասպանության ժխտումը արգելվում է Շվեյցարիայում: Փերինչեքը որոշումը բողոքարկեց Ստրասբուրգում` Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում, որը 2013թ. դեկտեմբերին որոշում կայացրեց, որ Շվեյցարիան խախտել է խոսքի ազատության սկզբունքները: Դատական վարույթի ընթացքում թուրքական իշխանությունները դատարանին տրամադրեցին փաստաթղթեր, որոնք, ըստ նրանց, ապացուցում են, որ Ցեղասպանություն տեղի չի ունեցել, և հիմքեր կան հավատալու, որ դատարանը դրանք հաշվի է առել:

Հայաստանը վիճարկել է այս որոշումը: Այժմ միջազգային իրավունքի հեղինակավոր իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնի և մարդու իրավունքների փորձառու պաշտպան Ամալ Քլունիի գլխավորությամբ իրավաբանների մեծ թիմ է աշխատում Ստրասբուրգում այս հարցի շուրջ:

Փաստաբանների մտահոգությունը ոչ թե Փերինչեքի խոսքի շուրջ իրավաբանական խնդիրներն են, այլ այն, որ դատարանը եկել է սխալ եզրահանգման` հիմնվելով պատմության կեղծարարության վրա: Այս բավական տպավորիչ զարգացումները ցույց են տալիս, որ Ցեղասպանությունը խիստ արդիականություն ունի նաև այսօր, և որ պատմությունը չի ավարտվում, քանի դեռ հիմնական խնդիրը մնում է չլուծված:

 

Սառած Գործընթաց

 

Այսպիսով, ինչու՞ է Հայոց ցեղասպանության ճանաչումը այդքան կարևոր: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա` ճանաչելու իրական պատմական հանգամանքները, քանի որ դա մի գործընթաց է, որը խրված է Թուրքիայի ներքին կյանքում: Ազատական հասարակությունը չի կարող կայանալ` առանց հաշվի առնելու սեփական փոքրամասնության պատմությունը: Ցեղասպանության ժխտումը մեծապես նպաստում է թուրքական գիտական աշխատություններում, ԶԼՄ-ներում և ընդհանուր բնակչության շրջանում տաբուներին:

Ժխտումն ուղղակիորեն նպաստում է և անուղղակիորեն ամրապնդում ու նախագահ Էրդողանի իշխանության ներքո` ուժեղացում է բռնատիրական ավանդույթը թուրքական քաղաքականության մեջ: ԵՄ անդամակցության արդեն իսկ տապալվող հույսերն ավելի են թուլանում ռեժիմի կողմից ժխտողական քաղաքականության պարագայում: Մի բան, որ հատուկ Էրդողանին, մատնանշել է ինքը` Անգելա Մերկելը:

Ավելին, բարոյական և պատմական հետևանքները նշանակալի են: Ռեալպոլիտիկը թելադրում է ոչ միայն հիշողության մշակույթ և ԶԼՄ-ների ներկայացուցչականություն, այլ նաև որոշ չափով ակադեմիական ներկայացուցչականություն: Եթե ենթադրում ենք, որ պատմության բոլոր մեկնաբանությունները հավասարազոր են, ապա ուղղակիորեն հարվածի տակ ենք դնում պատմությունը` որպես այդպիսին: Հետևաբար, ոչ մաքուր ջուր է լցվում, այդ թվում նաև` դիվանագիտության ու քաղաքականության ջրամբարներից ուղիղ գիտության ջրամբարը, որի ջրերից խմում ենք բոլորս: Ասում են, թե ցեղասպանությունը կարելի է վերապրել երկու փուլով` բուն ֆիզիկական, ապա դրա իրականության ժխտման միջոցով: 1910թ. հաշվվում էր, որ ներկայիս Թուրքիայի տարածքի բնակչության մոտ 25 տոկոսը ոչ մահմեդական փոքրամասնություններն էին:

Այսօր Թուրքիան 99%-ով «միատարր» է, ամեն դեպքում գոնե կրոնական իմաստով: Ժխտողականությունն այսպիսով, որքան էլ որ  ողբերգական է, նաև բերում է նրան, որ Հայոց ցեղասպանությունն ամենա«հաջողակ» ցեղասպանությունն է պատմության մեջ:

 

Նորվեգիան պետք է ներկա լինի

 

Հարցին, թե ինչպես է վերաբերում Նորվեգիան Հայոց ցեղասպանությանը, Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էլիզաբեթ Ուալաասը 2007թ. պատասխանել է. «Նորվեգիան դեմ է բոլոր բռնություններին ու մարդու իրավունքների խախտումներին: Մենք գտնում ենք, որ սա մի բան է, որ տեղի է ունեցել վաղուց, և չենք համարում, որ այն կկապվեր խաղաղության և հաշտության խնդիրների հետ, որպեսզի քննարկման առարկա դառնար»:

Եթե միայն ամեն ինչ այդքան պարզ լիներ: Ամենից պարզն այն է, որ որպեսզի որևիցե հաշտեցման գործընթաց կարողանա սկսվել, ամենակարևոր նախադրյալը մեղավորի կողմից մեղքի ճանաչումը պետք է լինի: Հաշտեցման գործընթացները Ռուանդայում և Հարավային Աֆրիկայում երբեք իրականություն չէին դառնա առանց այս փաստի:

Ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կնշվի Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեծ թվով պետությունների ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Գրեթե բոլոր եվրոպական երկրները ներկայացված են ամենաբարձր մակարդակով:

Երևանի կենտրոնում կանգնեցվել է Ֆրիտյոֆ Նանսենի հսկայական արձանը, ով հերոս է համարվում հայերի շրջանում` հայ փախստականների օգտին 1915թ. հետո տարիներ շարունակ նրա կատարած հսկայական աշխատանքի համար: Մի հարց, որ տեղին է ուղղել Նորվեգիայի իշխանություններին, այն է, թե արդյոք նրանք կանեն այն, ինչ նախորդ կառավարությունները Նորվեգիայում երբեք չեն արել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Լավ սկիզբ կարող է լինել այն, որ Նորվեգիան ապրիլին Երևանում ներկայացված լինի ամենաբարձր մակարդակով: Նրանք, իհարկե, արդեն ստացել են այդ մակարդակում համապատասխան հրավերը»: