Պորոշենկոյի գրասենյակի ներկայացուցիչը բացահայտել է Մերկելի և Օլանդի հետ բանակցությունների մանրամասները

12:46 • 07.02.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև կայացած բանակցություններում ոչ մի ճնշում չի եղել Դոնբասում հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին, հաղորդում է korrespondent.net-ը:

 

«Իրականում Ուկրաինայի ապագան չպետք է որոշի դրսից ինչ-որ մեկը: Եվրոպացիների կողմից ոչ մի ճնշում մեզ վրա չի եղել: Նման մտավախություններ կային, բայց ոչ մեզ մոտ: Դա քննարկում էին փորձագետները»,- ասել է նա «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Չալիի խոսքով՝ հակառակը, բանակցությունների մասնակիցները միասնական դիրքորոշում են մշակել իրավիճակի կարգավորման վերաբերյալ` Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա:

 

«Հանդիպումը ցույց տվեց, որ մենք այժմ կարող ենք հստակ խոսել մեր գործընկերների հետ միասնական դիրքորոշման մասին: Նրանք հենց այդ դիրքորոշմամբ էլ գնացել են Մոսկվա` «նորմանդական ձևաչափի» չորրորդ կողմի մոտ»,- ասել է նա:

 

«Ոչ մի փաստաթուղթ՝ այսպես կոչված «Պուտինի պլան», քննարկման համար նրանք չեն բերել»,- հավելել է նա: