Մայրաքաղաքում չեն առաջնորդվում գլխավոր հատակագծով. ճարտարապետ

13:39 • 07.02.15

Երևանում չեն առաջնորդվում քաղաքի գլխավոր հատակագծով, այդ պատճառով էլ ամեն օր բախվում են մի նոր հուշարձանի քանդման վտանգի առջև: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե ինչու է այժմ էլ խոսվում Թումանյան-Կողբացի խաչմերուկում գտնվող 70 -ամյա շենքի քանդման և փոխարենը հյուրանոց կառուցելու մասին:


«Ես ինչքան էլ տեղյակ լինեմ խնդրին շատ բան չեմ կարող ասել, քանի որ հարցին պետք է պատասխանի քաղաքապետարանը: Բայց կարող եմ ասել մեկ այլ բան. շատ հաճախ քաղաքաշինական խորհուրդը, որի անդամ եմ նաև ես, բացասական եզրակացություն է տալիս այս կամ այն կետային շինարարությանը, սակայն քաղաքապետարանը ստորագրում է ու շինարարությունը սկսվում»,- ասաց նա:


Ճարտարապետն ընդգծեց, որ Հայաստանում ճարտարապետական խնդիրները իրավական լուծում չեն ստանում:


«Մենք ժամանակին հսկայական գումարներ ծախսեցինք, որ քաղաքի գլխավոր հատակագիծը հստակեցվի, հաստատման օրից փաստաթուղթը որևէ մեկի սեղանին չի դրվել, որևէ մեկը դրանով չի առաջնորդվել: Այսօր կանգնած ենք այն վիճակի առջև, որ քաղաքապետարանը ասում է՝ գլխավոր հատակագիծը հնացած է ու պիտանի չէ: Եթե հնացած էր, թարմացնեիք, եթե պետք չէր՝ ինչո՞ւ գումար ծախսեցիք»,- ասաց նա: