Չնայած ջրհեղեղին Վենետիկում մեկնարկել է ավանդական կառնավալը

21:42 • 08.02.15

Այսօր պաշտոնապես մեկնարկել է Վենետիկի կառնավալը, չնայած այժմ քաղաքում մոլեգնող ջրհեղեղներին: Այս մասին հայտնում է France 24-ը:

Դեռ երեկ տեղացիներն ու զբոսաշրջիկները հավաքվել էին Սբ Մարկոսի հրապարակում՝ ի նշանավորումն քաղաքի աշխարհահռչակ կառնավալի մեկնարկի: Շատերը չեն դիմացել իրենց կոստյումները բուն տոնակատարությունից առաջ ցուցադրելու գայթակղությանը:  

Տեղացիներից մեկը նկատել է, որ դա «տարվա փարթին է»: Մի քանի օր է, ինչ առատ ձյան տեղումները ջրհեղեղի պատճառ են դարձել Վենետիկի շատ հատվածներում: Այս տարի հայտնի կառնավալային հանդերձանքի մաս են կազմելու ռետինե երկարաճիտք կոշիկները:  

Աղբյուրը մանրամասնում է, որ վենետիկյան այս տոնի համար անհրաժեշտ կոստյումները, կեղծամները և դիմակները կարելի է ձեռք բերել ինչպես մի քանի հազար եվրոյով էքսկլյուզիվ բուտիկներից, այնպես էլ բավականին էժան՝ փողոցի վաճառականներից: Սակայն ամենալավ տարբերակը դրանք վարձակալելն է:

Վենետիկի կառնավալը ավանդաբար սկսվում է կաթոլիկ և անգլիական եկեղեցիների Մեծ պահքի նախօրեին, որը նաև «կառնավալ օր» են անվանում: