Ընդդիմությունը պետք է իշխանության գա ո´չ թե սոցիալական բողոքի ալիքի վրա, այլ` ուրիշ ճանապարհով. սոցիոլոգ
Ընդդիմությունը պետք է իշխանության գա ո´չ թե սոցիալական բողոքի ալիքի վրա, այլ ուրիշ ճանապարհով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: «Նրանք պետք է տեղական իշխանության մեջ բավականին հենք ունենան, օգնեն համայնքներին՝ խնդիրները լուծել` ինչպես «Հանրապետական» կուսակցությունը և ժամանակին` ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն»,-ասաց նա և նշեց, որ սոցիալական բազա ունենալով՝ իշխանության գալը իրենց համար ավելի հեշտ կլինի:
Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ ներքաղաքական իրավիճակում շատ բան կախված է նրանից, թե Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն ինչ դրական ազդեցություն կունենա: «Եթե մենք կարողանանք ներգրավվել Եվրասիական տնտեսական միության գործընթացներում, իրավիճակը կլավանա, եթե ոչ` մենք կմնանք այս մակարդակում, որովհետև նահանջը, երևի թե, բացառվում է»,-ասաց նա:
Անդրադառնալով հասարակական բողոքի պատճառ հանդիսացող թանկացումներին՝ սոցիոլոգը նշեց, որ ազատական շուկայում Կառավարությունը շատ բան չի կարող անել: «Թանկացումների դեպքում նա կարող է կա´մ հարկերը կրճատել, կա´մ փոխհատուցում տալ, սակայն ունակ չէ դա անել: Շուկան իր օրենքներով է ապրում` պահանջարկի և առաջարկի փոխհարաբերակցությամբ, պետությունը միայն պետք է այնպես անի, որ դա լինի օրենքի սահմաններում, և որքան հնարավոր է՝ կարողանա մեղմացնել մարգինալ խմբերի` միայնակների, բազմազավակների, թոշակառուների տնտեսական վիճակը, սակայն գնի ձևավորման վրա չի կարող ազդել»,-ասաց նա:










