Գերմանիայի օդանավակայաններում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ

14:45 • 09.02.15

Փետրվարի 9-ին գերմանական երեք օդանավակայաններում անցկացվող անվտանգության ծառայությունների անձնակազմերի գործադուլները կանդրադառնան տասնյակ հազարավոր ուղևորների վրա, գրում է korrespondent.net-ը:

 

Համբուրգի օդանավակայանում ստուգում անցնելու համար մարդկանց պահանջվում է ավելի քան չորս ժամ:

 

«Խնդրում ենք ուղևորներին չժամանել օդանավակայան»,- հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը: Ուղևորներին խորհուրդ է տրվում փոխանակել տոմսերը՝ ընտրելով այլ չվերթներ:

 

Գրանցման համար աճող հերթերի պատճառով օդանավակայանի ղեկավարությունը ստիպված է եղել փակել տերմինալները:

 

Բացի այդ՝ հաղորդվում է, որ չեղյալ են հայտարարվել 100-ից ավելի չվերթներ:

 

Այդ օդանավակայանում գործադուլը կանդրադառնա 40 հազարից ավելի ուղևորի վրա:

 

Շտուտգարտում և Հանովերում անվտանգության ծառայությունների աշխատակիցները նույնպես դադարեցրել են իրենց աշխատանքը, ինչը բերել է մոտ երկժամանոց հերթերի:

 

Գործադուլի կոչ է արել գերմանական Verdi արհմիությունը՝ նպատակ ունենալով հասնել անվտանգության ծառայության աշխատակիցների համար աշխատավարձերի բարձրացման: Արհմիությունը կոչ է արել անվտանգության ծառայության աշխատակիցներին դադարեցնել աշխատանքը 24 ժամով: