Եթե ավելի կոշտ արձագանքեինք 2 ամիս առաջ, այս քայլերը կարող է չլինեին. Ա. Մանուկյան (ուղիղ)
Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ Է
14.38
«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» երթի մասնակիցները Ոստիկանության շենքի առջև են
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք պահանջում են բացահայտել հանցագործությունը՝ կատարողներին ու պատվիրողներին:
«Ինչպես կարելի է մարդուն օրը ցերեկով, վկաների ներկայությամբ առևանգել, տանել ու վեց ժամ շարունակ ծեծել: Մի մարդու, որը պայքարում էր իր իրավունքների մասին: Հանցագործության բացահայտումը իրավական համակարգի պատվի ու արժանապատվության խնդիրը պետք է լինի: Բոլորս եկել ենք ասելու՝ «Մենք բոլորս Արտակ ենք»»,-ասաց նա:
Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանն էլ նշեց, որ իրենց պահանջը արդարացված է բոլոր օրենքներով՝ մարդկային, բարոյական: Դիմելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ նա նշեց. «Ոստիկանապե՛տ, Դուք ձեր ելույթներում ասել եք, հորդորել եք, որ ոստիկանությունը պաշտպանի մեր ժողովրդին, ոստիկանությունը շահախնդիր է ու արժանապատիվ: Բոլորիս արժանապատվությունը խոցված է ու ոտնահարված: Ես պահանջում եմ՝ կատարե՛ք ձեր խոստումը և բացահայտեք հանցագործությունը: Մենք երկար չենք սպասելու, մեր նյարդերը երկաթից չեն»:
14.11
Երթի մասնակիցները՝ «Արտակ», «բացահայտում», «միացում», «ամոթ» վանկարկումով շարժվում են Ոստիկանության գլխավոր վարչություն։
Երթը առաջնորդողները կոչ են անում իրենց մտավորականությանը, ինչպես նաև եկեղեցուն՝ միանալ։
14.08
Եթե ավելի կոշտ արձագանքեինք 2 ամիս առաջ, այս քայլերը կարող է չլինեին. Ա. Մանուկյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ի պատասխան հարցի, թե կո՞ղմ են ԱԺ նիստերը բոյկոտելու ԲՀԿ-ի առաջարկությանը՝ որպես բռնությունների դեմ բողոք, նշեց, թե ոչ միայն կողմ է, այլ կարծում է, որ պետք է դեռ նախորդ քառօրյային նախաձեռնվեր դա։
«Եթե նախորդ քառօրյային դուրս գայինք, կամ էլ ավելի կոշտ քայլերով արձագանքեինք երկու ամիս առաջ, կարող է այս քայլերը չլինեին։ Հասարակությունը որքան շուտ արձագանքի այս դեպքերին, ճիշտ ու արագ, ռադիկալ քայլերով, այս դեպքերը կկանխվեին, այլ ձև չկա։ Այսինքն՝ ես լրիվ կողմ եմ ցանկացած քաղաքական գործընթացի, որն իշխանություններին իր տեղը կդնի»,-ասաց նա։
14.03
«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» ակցիայի մասնակիցները երթով շարժեցին դեպի ոստիկանություն
ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն առաջարկեց միասական երթով գնալ դեպի ոստիկանության շենք։
«Մեկ անգամ ևս ցույց տալու, որ մենք հետևողական ենք լինելու, որ բոլոր մեղավորները պատժվեն»,-ասաց նա։
Ներկանները ծափերով ընդունեցին առաջարկը. Էնֆիաջյանը նշեց, որ կքայլեն Նալբանդյան փողոցով։
Ակցիայի մասնակիցները պահանջեցին ոստիկանության ներկայացուցիչներից ապահովել երթի խաղաղ ընթացքը։
13.57
Միջադեպը պետք է քաղաքական դաշտ բերել. Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ անդամի նկատմամբ բռնության մասին
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե դա հերթական «բեսպրեդելն է», պետք է կոշտ հակահարված տալ և այն պետք է քաղաքական դաշտ բերել։
«Սա չպետք է կուլ տալ, մենք միավորված պետք է ճիշտ ծրագրային ճանապարհով գնանք։ Չի նշանակում, որ պետք է օրենքից շեղվենք։ Հասարակական, քաղաքական համախմբումն արդեն իրականություն է»,-ասաց նա։
13.54
Հասարակությանը մարտահրավեր է նետված. Արտակ Խաչատրյանի եղբայր
Հավաքվածներին ելույթի խոսքով դիմեց Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, ով հայտարարեց, թե մարտահրավեր է նետված ժողովրդին ու հասարակությանը, ինչն իրենք ընդունում են։
«Քստմնելի, վայրագ, դաժան գործելաոճով կազմակերպված բանդաները, գանգստերները գործում են ՀՀ տարածքում։ Մենք ընդունել ենք մարտահրավերը, պարոնայք գանգստերներ, չենք վախենում, մենք շատ ենք, եթե մենք ենք ձեզ ծնել, մենք էլ ձեզ կսպանենք»,-ասաց նա։
Արտյոմ Խաչատրյանը նշեց, թե իրենք հասկանում են, որ դժվար է ստեղծել նորմալ պետություն, բայց իրենք պարտավոր են դա անել։
«Ես, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, պահանջում եմ մեր իրավապահ մարմիններից, պատկան կառույցներից անհապաղ, ժամ առաջ բացահայտել քստմնելի հանցագործությունը։ Սա է միակ ճանապարհը, որպեսզի այս ալիբին վերանա ձեզանից, հակառակ դեպքում հասարակ քաղաքացին չի կարող այլ կերպ մտածել, քան այն որ բանդիտները վայելում են քաղաքական իշխանության հովանավորությունը»,-ասաց նա։
Բռնություն ենթարկվածի եղբայրն իր շնորհակալությունը հայտնեց բոլորին, ովքեր հավաքվել են կառավարության առաջ, նաև այն բոլոր քաղաքական կուսակցություններին, ովքեր ճիշտ գնահատական են տվել։
Նա նկատեց, որ ՀՀԿ-ից ներկայացուցիչ չկա, չնայած, ըստ նրա, այնպես չէ, որ կարծում են, որ այդ կուսակցությունում նորմալ մարդ չկա։
13.46
Սա ընդհանուր մտահոգության առիթ պետք է դառնա. Ռ. Հակոբյանը՝ ԲՀԿ անդամի նկատմամբ բռնության մասին
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է գիտակցի, որ ինքը կարող էր լինել Արտակի, ազատամարտիկների, կամ էլ՝ Արամ Մանուկյանի փոխարեն՝ բռնարարքների թիրախում։
«Սա ընդհանուր մտահոգության առիթ պետք է դառնա։ Հակաօրինական դաշտ է ստեղծվել, և դա ուղղակիորեն մտահոգում է ազգային անվտանգության առումով։ Այն կառույցները, որոնք կոչված են իրականացնելու քաղաքացիների անվտանգությունը, ըստ էության չեն իրականացնում իրենց պարտականությունները»,-ասաց նա։
13.38
Արտակի փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը. Վահան Բաբայան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց, թե ճանաչելով Արտակ Խաչատրյանին, բացառում է, որ դեպքը կարող է լինել անձնական խնդիրներից ելնելով։
«Ես տեսնում եմ, որ իր գործունեության հետևանքով է եղել, մնացածը՝ ոնց, ինչ, ժամանակը ցույց կտա, սա շատ լավ առիթ է իրավապահ մարմիներին ցույց տալու, որ իրենք օպերատիվ աշխատում են։ Այսօրվա այս մարդկանց պահանջը մեկն է, որպեսզի իրավապահ մարմիններն անհապաղ արագ միջոցներ ձեռնարկեն այդ մարդկանց գտնելու համար»,-ասաց նա։
Իսկ թե ինչու հենց Արտակը, ԲՀԿ պատգամավորն ասաց, թե չի կարող ասել և նշեց, որ յուրաքանչյուրը կարող էր լինել Արտակի փոխարեն։
Ակցիային մասնակցում են նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության անդամներ։
13.30
Եթե մեղավորները չբացահայտվեն սեղմ ժամկետում, ապա հետևելու են բազմաթիվ հրաժարականների պահանջներ. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արտակ Խաչատրյանը մշտապես եղել է ակտիվ իր հանրային գործունեության մեջ և ըստ այդմ էլ կարող են ենթադրել, որ բռնությունը նրա նկատմամբ քաղաքական հայացքների պատճառով էլ եղել։
«ԲՀԿ-ն իր քաղաքական խորհուրդը հստակ ասել է, որ մեր պահանջներն ուղղված են քաղաքական իշխանությանը, երկիրն իրենց տեսլականով Ապահով Հայաստանից վերածվում է գանգստերական բանդիտական Հայաստանի։ Ոչ միայն Արտակի հետ տեղի ունեցած զազրելի բռնարարքները, այլ Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ բռնարարքները»,– ասաց նա։
«Եթե իրենց նպատակը գանգստերական Սիցիլիա կառուցելն է, ուրեմն քաղաքական իշխանությունը պետք է հայտարարի դրա մասին, որ իրենց գերխնդիրը, իրենց ծրագրային քաղաքական հիմնական դրույթը գանգստերական Հայաստան ստեղծելն է, իսկ ժողովուրդը իմանա, դրա մասին, համարժեք արձագանքի»,- ավելացրեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե ճնշելու փորձերը իշխանություններին չի հաջողվելու։ «Մեր իշխանավորներին պատմություն կխնդրեմ ուսումնասիրել, թե ինչ է լինում այն իշխանության հետ, որը փորձում է բռնարարքներով ճնշել քաղաքացիների ազատ կամքը։
Մենք այստեղ ենք, որպեսզի պահանջենք Հայաստանում օրենքի գերակայություն և մեղավորները բացահայտվեն սեղմ ժամկետում, եթե ոչ, ապա այս ամենին հետևելու են բազմաթիվ հրաժարականների պահանջներ»,- ասաց նա։
Կառավարության շենքի առաջ մեկնարկել է «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» անունը կրող բողոքի ակցիան, ովքեր իշխանությունից պահանջում են բացահայտել «Կասեցում» շարժման անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ իրականացված բռնությունը։
Ակցիային մասնակցում են նաև ԲՀԿ պատգամավորները, որոնց թվում է նաև նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Լրագրողների հետ զրույցում Օսկանյանը նշեց, որ միջադեպը պետք է դիտարկել առավել լայն շրջանակներում։
«Ժողովրդավարության, երկրի այսօրվա վիճակի... իրոք ընդվզման միջոցով պետք է այս երևույթներին վերջ դնել, այսպես հնարավոր չէ»,-ասաց նա։
Դեպքի առիթով Օսկանյանի մեղադրանքն ուղղված էր իշխանություններին. «Այն ինչ կատարվում է երկում, դրա պատասխանատուն իշխանություններ են, եթե չկարողացան վերջ դնել և կոնկրետ այս դեպքը բացահայտել, ուրեմն իրենք են պատասխանատուն»։
Հարցին, թե երբ այլ պատգամավորների, ազատամարտիկների ծեծի դեպքեր եղան, ինչո՞ւ ԲՀԿ-ն ոտքի չէր կանգնում, նախկին ԱԳ նախարարը նշեց, թե իր այստեղ գտնվելը բացարձակապես կապ չունի նրա հետ, որ ծեծվողը ԲՀԿ-ական է։
«Եկել եմ ակցիային մասնակցելու որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր, անկախ կուսակցական պատկանելությունից, գիտեմ, որ իմ գործընկերներն էլ նույն մղումով են եկել, արդեն կուտակվել են խնդիրները, միգուցե վերջինը ԲՀԿ-ինն է, բայց դեպքը կրկնվում է, մեկ-երկու-երեք և արդեն հասկանում ես, որ սա իշխանությունների աշխատաոճն է դարձել՝ լռեցնել այն մարդկանց, ովքեր համաձայն չեն իշխանության տարվող քաղաքականության հետ։ Սա ժողովրդական ընդվզում է, այլ ոչ թե կուսակցական»,-ասաց նա։
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ սա մարտահրավեր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Օսկանյանը նշեց, թե իրենք վեր են կանգնելու կուսակցական խնդիրներից։ «Սա մարտահրավեր է հայ ժողովրդին, մենք ազգովի պետք է վերջ դնենք այս ամենին։ Հայաստանում մարդ չպետք է ծեծվի իր գործունեության համար, սա իսկապես վերջն է, իսկապես ժողովրդի համբերության բաժակը լցվել է»,-նշեց նա։
Իսկ թե ակցիային կմասնակցի նաև Գագիկ Ծառուկյա՞նը, Օսկանյանը նշեց, թե չի կարող ասել։










