«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» երթի մասնակիցները Ոստիկանության շենքի առջև են

14:47 • 09.02.15

«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» երթի մասնակիցները, ովքեր իշխանությունից պահանջում են բացահայտել «Կասեցում» շարժման անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ իրականացված բռնությունը, այս պահին Ոստիկանության շենքի առջև են։

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք պահանջում են բացահայտել հանցագործությունը՝ կատարողներին ու պատվիրողներին:


«Ինչպես կարելի է մարդուն օրը ցերեկով, վկաների ներկայությամբ առևանգել, տանել ու վեց ժամ շարունակ ծեծել: Մի մարդու, որը պայքարում էր իր իրավունքների մասին: Հանցագործության բացահայտումը իրավական համակարգի պատվի ու արժանապատվության խնդիրը պետք է լինի: Բոլորս եկել ենք ասելու՝ «Մենք բոլորս Արտակ ենք»»,-ասաց նա:


Արտակ Խաչատրյանի եղբայր Արտյոմ Խաչատրյանն էլ նշեց, որ իրենց պահանջը արդարացված է բոլոր օրենքներով՝ մարդկային, բարոյական: Դիմելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ նա նշեց. «Ոստիկանապե՛տ, Դուք ձեր ելույթներում ասել եք, հորդորել եք, որ ոստիկանությունը պաշտպանի մեր ժողովրդին, ոստիկանությունը շահախնդիր է ու արժանապատիվ: Բոլորիս արժանապատվությունը խոցված է ու ոտնահարված: Ես պահանջում եմ՝ կատարե՛ք ձեր խոստումը և բացահայտեք հանցագործությունը: Մենք երկար չենք սպասելու, մեր նյարդերը երկաթից չեն»: