Արտակի փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը. Վահան Բաբայան
Կառավարության շենքի առաջ շարունակվում է «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» անունը կրող բողոքի ակցիան. մասնակիցներն իշխանությունից պահանջում են բացահայտել «Կասեցում» շարժման անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ իրականացված բռնությունը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց, թե ճանաչելով Արտակ Խաչատրյանին, բացառում է, որ դեպքը կարող է լինել անձնական խնդիրներից ելնելով։
«Ես տեսնում եմ, որ իր գործունեության հետևանքով է եղել, մնացածը՝ ոնց, ինչ, ժամանակը ցույց կտա, սա շատ լավ առիթ է իրավապահ մարմիներին ցույց տալու, որ իրենք օպերատիվ աշխատում են։ Այսօրվա այս մարդկանց պահանջը մեկն է, որպեսզի իրավապահ մարմիններն անհապաղ արագ միջոցներ ձեռնարկեն այդ մարդկանց գտնելու համար»,-ասաց նա։
Իսկ թե ինչու հենց Արտակը, ԲՀԿ պատգամավորն ասաց, թե չի կարող ասել և նշեց, որ յուրաքանչյուրը կարող էր լինել Արտակի փոխարեն։
Ակցիային մասնակցում են նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության անդամներ։










