«Իսլամական պետությունը» լուրջ սպառնալիք է Թուրքիայի համար. Դավութօղլու
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը լուրջ սպառնալիք է Թուրքիայի համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Դավութօղլուն նշել է, որ լուրջ վտանգ է ստեղծվել ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի և աշխարհի այլ երկրների համար:
«Մեր առջև այնպիսի խնդիր կա, ինչպիսին «Իսլամական պետությունն» է: Մեզնից շատերը շատ են աշխատել Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի ժողովրդավարության և զարգացման համար: Սակայն ցավոք, պարզվեց, որ ժողովրդավարությանն աջակցելու փոխարեն աջակցություն են ստանում որոշ ուժեր ու ահաբեկչական խմբավորումներ: Այդ խնդիրը վտանգ է ստեղծել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև թե՛ Ճապոնիայում, թե՛ Հորդանանում: Իսկ Թուրքիան գտնվում է այդ ամենի կենտրոնում», - ասել է վարչապետը:










