ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը կլինի ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի աշխատանքային օրակարգում
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլս կրտսերը երդմնակալության ժամանակ խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին և ներկայացրել դեսպանատան առաջնահերթությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դեսպանը նշել է, որ Հայաստանի հետ ԱՄՆ քաղաքականության նպատակը շատ պարզ է:
«Ազատ և բարգավաճող Հայաստան` իր հարևանների հետ խաղաղ գոյակցությամբ: Իմ առաքելությունն այն է, որ այս առաջնահերթ նպատակին հասնելու համար ցուցաբերեմ աջակցություն Հայաստանի կառավարությանն ու մարդկանց` որպեսզի Հայաստանում ամրապնդվի ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, տնտեսության լիբերալացումը, առևտրաշրջանառության մեծացումը մի շարք գործընկեր պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի հետ»,- ասել է դեսպանը:
Նա շեշտել է, որ իր և դեսպանատան օրակարգում կա երկու կարևորագույն հարց: Դրանցից առաջինը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է:
«Անցնող տարվա ընթացքում լարվածության մեծացումն ու ԼՂ հակամարտության շփման գծում զոհերի առկայությունը մեզ շատ է մտահոգում: Դա որևէ ազգի շահերից չի բխում: Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի պատրաստակամությունը` ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Միացյյալ Նահանգները պատրաստ է աջակցություն տրամադրել կողմերին, հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ, փոխհամաձայնեցված կարգավորելու համար»,- ասել է դեսպանը:
Երկրորդ կարևորագույն հարցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է:
«Երկրորդ կարևորագույն հարցը, որը հատուկ նշանակություն ունի Երևանում, 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի 100-րդ տարելիցի ոգեկոչումն է: 1915թվականը մեծ ու հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի համար: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կաշխատի ցույց տալ, որ Միացյալ Նահանգներն ու ամերիկյան ժողովուրդը այս կարևոր պահին իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և երբեք, երբեք չեն մոռանա այս ողբերգությունը, որին զոհ են գնացել մեկ միլիոնից ավելի հայեր»,- ասել է դեսպանը:










