Ռուսներին և ուկրաինացիներին պետք է տանել ճամբար՝ ֆաշիզմն ու նացիզմը տեսնելու. Օսվենցիմի նախկին կալանավոր

11:49 • 09.02.15

Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավոր, Խարկովից 90-ամյա պրոֆեսոր Իգոր Մալիցկին վստահ է, որ Դոնբասում պատերազմ չէր լինի, եթե ուկրաինացի և ռուս երեխաներին տանեին այդ համակենտրոնացման ճամբար և ցույց տային իրական ֆաշիզմը և նացիզմը, գրում է Обозреватель-ը։

 

«Ես նախագահին (Ուկրաինայի) ասացի, երբ մենք հանդիպեցինք և նա ինձ մեդալ էր հանձնում՝ Դուք գիտե՞ք, ես խնդրանք ունեմ։ Տեսեք, երիտասարդները, լեհ, գերմանացի, իտալացի երեխաները խմբերով քայլում են իմ ետևից, ես պատմում եմ, ցույց տալիս։ Իսկ որտե՞ղ են ուկրաինացի երեխաները։ Բերե՛ք, նրանք կտեսնեն մանկական հագուստի կույտեր, 80 տոննա կանանց մազ։ Պատկերացրե՛ք, քանի կին է ոչնչացվել։ Տեսեք՝ ինչպես է դա եղել։ Ահա այդ դիակիզարանները, շների տնակները, ինչպես մենք անվանում էինք. խցեր, որտեղ գցում էին կալանավորներին, փակում և գալիս միայն 15-20 օր անց։ Ես կարծում եմ, որ հասկանում եք, որ այնտեղ արդեն կենդանի մարդ չէր լինում, այնտեղ դիակ էր լինում։ Դա մնացել է այնտեղ, թող նայեն, որ հետո իմանան՝ ինչ է ֆաշիզմը և նացիզմը, որ չկան վատ ազգեր, կան վատ մարդիկ»,- ասել է Մալիցկին։

 

Նախկին կալանավորը նշել է, որ այդ նույն բանը նա կասեր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

 

«Ռուս երեխաներ նույնպես չկան։ Եթե այստեղ հանդիպեին ռուս երեխաները և մեր երեխաները, նրանք չէին կռվի։ Անկեղծ խոսք, նրանք չէին կռվի, նրանք միասին կդիտեին։ Մի՞թե դուք չեք կարող միասին լուծել այս հարցը։ Նախ՝  վերադարձնել Ղրիմը։ Պարզապես ասել, որ դա սխալմունք է եղել, և դուրս բերել զորքերը»,- ասել է Մալիցկին։