Պուտինն Ուկրաինայում ճգնաժամի պատճառ է համարում աշխարհին իր կամքը թելադրելու ԱՄՆ-ի ցանկությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եգիպտական «Ալ- Ահրամ» թերթին տված հարցազրույցում խոսել է ուկրաինական ճգնաժամի մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատասխանատու չէ Ուկրաինայի տարածքում զինված հակամարտության սկսման համար, գրում է Газета-ն։
Պուտինը բացատրել է, որ մեղավորն ԱՄՆ-ն է և նրա արևմտյան դաշնակիցները, որոնք ձգտում են «ամենուր իրենց կամքը թելադրել»։
ՌԴ նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտը դեպի արևելք չընդլայնելու նախկին խոստումները դատարկ խոստումներ են եղել։ «Մենք տեսել ենք, թե ինչպես է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքն ավելի շատ մոտենում ռուսական սահմաններին, ինչպես են արհամարհվում Ռուսաստանի շահերը»,- հայտարարել է նախագահը։
Ուկրաինայում իրավիճակի կայունացման պայմանը Պուտինը համարում է «պատժիչ գործողությունների դադարեցումը» երկրի հարավ-արևելքում, Դոնբասի շրջափակումից հրաժարվելը։ Կիևի ներկայիս քաղաքականությունը Պուտինը համարում է «փակուղային ճանապարհ, որը լի է աղետներով»։
Նախագահը նշել է, որ Ռուսաստանը կաջակցի ուկրաինական իշխանությունների և ընդդիմադիրների միջև կապերի հաստատմանը, կշարունակի աշխատանքը կոնտակտային խմբի շրջանակում։










