Սեյրան Օհանյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում տեղի ունեցող զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:
Սեյրան Օհանյանը զրուցակցին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով տարեսկզբից ի վեր լարվածության կտրուկ աճի և միջազգային հանրության կողմից ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները զսպելու անհրաժեշտության վրա: ՀՀ պաշտպանության նախարարը նաև վերահաստատել է հակամարտող կողմերի միջև շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման կարևորությունը:
Մտահոգության հայտնելով առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ, Հերբերթ Սալբերն իր հերթին նշել է, որ Եվրամիությունն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը և պատրաստ է հնարավորության սահմաններում ներդրում կատարել այս ձևաչափով բանակցային գործընթացում:










