ՀՀ-ում Ռումինիայի դեսպանը վերադարձել է Երևան և շարունակում է կատարել իր պարտականությունները

17:41 • 09.02.15

Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն վերադարձել է Երևան և շարունակում է կատարել իր պարտականությունները. այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ-ում Ռումինիայի դեսպանատնից։

Թե ե՞րբ է վերադարձել և ի՞նչ հանձնարարությամբ՝ դեսպանատան աշխատակիցը հրաժարվեց մեկնաբանել՝ խնդրելով մյուս բոլոր հարցերով դիմել Ռումինիայի արտգործնախարարություն։


Հիշեցնենք, որ Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն Երևանում դասախոսության ժամանակ արված մի քանի հայտարարություններից հետո կանչվել էր Բուխարեստ` խորհրդակցությունների նպատակով։


Այդ դասախոսության ընթացքում նա որոշ արտահայտություններ էր թույլ տվել սեռական և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ՝  փորձելով պատասխանել Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական հրամայականի մասին հարցին: Հոդվածի լույս տեսնելուց հետո  դեսպան Սորին Վասիլեն հայտարարություն էր ուղարկել «ՍիվիլՆեթին»՝ հայցելով հայ ժողովրդի ներողամտությունը:


«Ես խորապես ցավում եմ ցանկացած դժբախտ թյուրիմացության համար,  որը կարող է ունենալ որևէ հնարավոր ազդեցություն ռումինացի ու հայ ժողովուրդների ավանդական ամուր հարաբերությունների վրա, որոնք կառուցվել են դարեր շարունակ՝ փոխադարձ աջակցության և վստահության հիման վրա: Հնարավոր է, որ իմ դատողությունները համատեքստից դուրս են օգտագործվել, և եթե այդպես է, ես խորապես ցավում եմ դրա համար»,-նշել էր նա:


Նշենք, նաև, որ հայ ուսանողներից մեկի հարցին, թե ո՞րն է ավելի կարևոր Ռումինիայի համար` Թուրքիայի հետ քաղաքական ու տնտեսական կապե՞րը, թե՞ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական հրամայականը, դեսպանը ցնցող պատասխան էր տվել. «Նախորդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս, սա շատ բարդ է… Որն է բարոյականությունը, որ ընդունենք՝ սա բարոյականությունն է: Ո՞րն է բարոյականությունը նորմալ զույգի միջև: Երկսեռ զույգի՞։ Իսկ հոմոսեքսուալ զույգի՞: Իսկ նորմալ, տղամարդ և կի՞ն, այո՞: Նրանք նորմալ են, նրանք բարոյական են: Իսկ հոմոսեքսուալները բարոյակա՞ն են, թե՞ ոչ։ Այսպիսով, ինչը նույնն է, ինչ… Ամեն ինչ հարաբերական է: Սա է քո հարցի պատասխանը: Քեզ համար սա հակասական է: Միասեռական զույգի համար սա կատարյալ է, ընտանիքի մոդելն է...»: