Ոչ մի խաղ չունի երաշխիք, որ չի վերածվի իրական կոնֆլիկտի. Վարդան Խաչատրյանը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին
Քաղաքական կամայական ուժի ասածը, որը կարողանում է Երևանի կենտրոնում բազմահազարանոց հանրահավաք հավաքել, չի կարելի անտեսել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանն անդրադառնալով`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին՝ ոչ իշխանական քաղաքական, հասարակական ուժերի խորհրդաժողովին։
Հարցին, թե որքանո՞վ են հակասությունները ԲՀԿ-ի և իշխանությունների միջև իրական և ոչ թե խաղ, Վարդան Խաչատրյանն ասաց. «Երբ խոսքը վերաբերում է զանգվածներին, ոչ մի խաղ չունի երաշխիք, որ չի վերածվելու իրական կոնֆլիկտի»:
Վարդան Խաչատրյանը գտնում է, թե եռյակում լիդերի ուրվագծումը կհանգեցնի եռյակի փլուզմանը: Նա նշեց, որ ամեն պահի իշխանության և ժողովրդի միջև ստեղծված իրավիճակը կարող է պայմանավորել նոր ընտրություններ, սակայն հարցն այն է, թե արդյունքում ի զորու կլինենք վերադարձնել երկիրը, թե՞ ոչ:
«Էրոզյան, այսինքն` հասարակական շերտերի մաշվելը, մեզ համար բացարձակ ուսումնասիրության դաշտից դուրս է գտնվում»,-ասաց նա:
Վարդան Խաչատրյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի ելույթն առանձնանում էր իր չափավորությամբ, և այս վիճակում հայտնված իշխանությունների համար կարևորագույնը հասարակական խաղաղությունն է:
Անդրադառնալով բռնությունների ալիքին՝ նա նշեց. «Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որը բռնությունները հաճախացել են, ինչը մեր քաղաքական դաշտին բնորոշ չի եղել: Ես հասկանում եմ, որ հիմա սրված է իրավիճակը, սակայն պետք է հիշել, որ ամեն կայծից կարող ենք հրդեհ ստանալ։ Բռնությունները հենց այն են, ինչն ամենացանկալին է մեր հակառակորդների և թշնամիների համար»:
Բանախոսը նշեց, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պայմանավորված է արտաքին անկայուն վիճակով, միջազգային քաղաքական դաշտի հակասությունների գերսրմամբ, որն անվիճելիորեն տարածվում է նաև Հայաստանի վրա:










