Օրվա կեսն ընդդիմության եք, կեսը՝ կոալիցիա. Վարդան Այվազյանը՝ Վարդան Բոստանջյանին (տեսանյութ)
Ամբողջ աշխարհում կոալիցիոն կառավարության ձև գոյություն ունի, որը բերում է առավելապես ներդաշնակ զարգացման. Հայաստանի Հանրապետությունում կոալիցիոն սկզբունքը դեֆորմացված է:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի հայտարարություն արեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ նշելով. «Որոշ դեպքերում մենք ունեցել ենք կոալիցիոն սկզբունքով գործող իշխանություններ։ Ճիշտ է՝ այդտեղ կոալիցիայի մեջ մտածներին որևէ իրավունք վերապահված չէր, և նրանք հանդես են եկել խեղճուկրակ, տարաբախտի ռեժիմով»:
Արձագանքելով Վարդան Բոստանջյանին, ասուլիսի մյուս բանախոս, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց. «Կոալիցիոն պատասխանատվություն պետք է լինի: Ինչո՞ւ ձեզ համար ընդունելի է, որ իշխանության ձևավորումը տեղի չի ունեցել, իսկ ընդդիմադիր կառույցի ձևավորումը տեղի է ունեցել: Ըստ տրամաբանության՝ օրվա կեսն ընդդիմության եք, օրվա կեսը՝ կոալիցիա»:










