Փրկարարը կոչում է, ոչ թե մասնագիտություն. Արսեն Արշակյանն այս կարգախոսով է անցնում նոր աշխատանքի
Ճանապարհային ոստիկանության Երևանի քաղաքի վարչության նախկին պետ Արսեն Արշակյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ փետրվարի 10-ին նախարար Արմեն Երիցյանը հրաման է ստորագրել այդ մասին:
Արսեն Արշակյանը, ով օրեր առաջ էր ազատման դիմում էր ներկայացրել, նոր նշանակման առնչությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Կյանքի ուղին ընտրելիս մեզանից յուրաքանչյուրը հազար անգամ ծանր ու թեթև է արել, մտովի պատկերացրել արդյոք կարող է նախընտրած մասնագիտության ոլորտում առավելագույն ջանքերը ներդնել, լավագույնը լինել, ծառայել սիրով ու պատվով:
Հպարտությամբ պիտի ասեմ, որ անցած 16 տարիներն ինձ համար երջանիկ էին այն առումով, որ իմ սիրելի աշխատանքում ջանացել եմ անել առավելագույնը` բարձր պահելով ոստիկանության աշխատակցի պատիվն ու արժանապատվությունը:
Հավատարիմ մնալով սկզբունքներիս համեստ ներդրում եմ ունեցել համակարգի կայացման հարցում: Շարքային ոստիկանից մինչև ՃՈ սպայական 1-ին գումարտակի հրամանատար, դժվարին և ուսանելի ճանապարհն անցել եմ պատվով` նվիրումով ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարի հրամանով ծառայության եմ անցել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչությունում: Նույնքան պատասխանատու ծառայություն, որքան և ոստիկանության համակարգում էր: Հուսով եմ՝ կարդարացնեմ բոլոր սպասելիքները:
Հետաքրքիր զուգադիպությամբ 16 տարի առաջ նույն օրը ընդունվեցի ոստիկանության համակարգ:
«Փրկարարը կոչում է, ոչ թե մասնագիտություն»: Սա ԱԻՆ համակարգի ծառայողների կարգախոսն է: Համալրելով իմ գործընկերների շարքերը, հուսով եմ՝ արժանի կլինեմ այդ կարգախոսով առաջնորդվելու պատասխանատվությանն ու փրկարարի բարձր կոչմանը»,-գրել է Արշակյանը։










