Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

11:58 • 10.02.15

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել  գրող, հրապարակախոս Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ։


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Բալայան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:


Ձեր կյանքն ու գրական-հասարակական գործունեությունն ինքնատիպ մի ստեղծագործություն են, որում սերտորեն զուգորդված են ժամանակն ու իրադարձությունները, պատմությունն ու իրականությունը:


Ավելի քան կես դար մի քանի սերունդ ճանապարհորդել է Ձեր ստեղծած լրագրողական ու հրապարակախոսական իրապատում տարածքում՝ Կամչատկայից ու Բայկալից մինչեւ Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսներ, աշխարհասփյուռ հայության հետ կապվելով «Կիլիկիայի» ու «Արմենիայի» տախտակամածերի վրա ստեղծված Ձեր անկրկնելի նոթագրությամբ:


Ձեր կենսագրությունն անխզելիորեն կապված է արցախյան ազատագրական շարժման ակունքների ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման գործընթացի, դրա միջազգայնացման ու ճշմարտացի ընկալման հետ:


Այդ կապը շարունակաբար ձգվում է ցայսօր՝ ի դեմս հայի, լրագրողի ու գրողի, անկախության ու պետականության բարձրագույն գաղափարին նվիրված քաղաքացու Ձեր անխոնջ գործունեության: Ծննդյան օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներիս հետ միասին մաղթում եմ


Ձեզ առողջություն, ստեղծագործական ու հասարակական բեղմնավոր գործունեություն եւ ամենայն բարիք»: