Բեռլինում ավարտվել է «նորմանդական քառյակի» ներկայացուցիչների հանդիպումը
Բեռլինում ավարտվել է Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով չորեքշաբթի օրը կայանալիք Մինսկի գագաթաժողովը քննարկելու նպատակով Գերմանիայի մայրաքաղաք ժամանած «նորմանդական քառյակի» ներկայացուցիչների հանդիպումը, հաղորդում է korrespondent.net-ը:
Հանդիպումը տևել է մոտ 7 ժամ: Այն ընթացել է մամուլի համար փակ ռեժիմում:
Ria.ru-ի դիվանագիտական աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական կողմից հանդիպմանը մասնակցել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարկուս Էդերերը, որին տեղական ԶԼՄ-ներն անվանում են արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի վստահված անձ:
Ուկրաինական կողմը ներկայացրել է արտգործնախարարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն: Ռուսաստանը ներկայացրել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «նորմանդական քառյակի» առաջնորդները, որի մեջ են մտնում Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Ուկրաինան, պայմանավորվել են չորեքշաբթի օրը՝ փետրվարի 11-ին, Մինսկում հանդիպում անցկացնել:










