Femen-ի ակտիվիստուհիները հարձակվել են Ստրոս-Կանի մեքենայի վրա

16:24 • 10.02.15

Femen շարժման ակտիվիստուհիները հարձակվել են Դոմինիկ Ստրոս-Կանի մեքենայի վրա, հաղորդում է lenta.ru-ն:

 

Առանց վերնաշապիկի երեք կանայք հարձակվել են ավտոմեքենայի վրա, որով Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարը ժամանել է Լիլում դատական նիստի:

 

Նրանց մարմիններին գրված են եղել Ստրոս-Կանի հասցեին մեղադրական և վիրավորական խոսքեր: Օգտվելով թիկնապահների շփոթմունքից՝ նրանցից մեկը բարձրացել է մեքենայի առաջնամասի վրա, իսկ երկրորդը փորձել է բարձրանալ մեքենայի հետնամասի վրա: Ոստիկանությունը կարողացել է ձերբակալել ակտիվիստներին:

 

Դոմինիկ Ստրոս-Կանն ի թիվս 12 այլ մեղադրանքների մեղադրվում է կավատության համար:

 

Դատախազությունը պնդում է, որ նա ներգրավված է եղել մարմնավաճառների հետ սեքս-երեկույթների կազմակերպման գործում:

 

Ստրոս-Կանն ԱՄՀ-ի տնօրեն է եղել 2007 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2011 թվականի մայիսի 18-ը: Նա ստիպված է եղել հրաժարական տալ, երբ Նյու Յորքի հյուրանոցում աշխատող սպասուհին հայտարարել է, որ Ստրոս-Կանը փորձել է բռնաբարել նրան: