ԵՄ-ն խորհուրդ է տալիս եվրոպական երկրներին գազի առնվազն 3 աղբյուր ունենալ

14:33 • 10.02.15

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները պետք է գազի առնվազն երեք աղբյուր ունենան, կարծում է Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ, էներգետիկայի համար պատասխանատու Մարոշ Շևչովիչը, հաղորդում է Reuters-ի ռուսական ծառայությունը:

 

Եվրահանձնաժողովը մշակում է առաջարկներ, որոնք թույլ կտան Եվրամիության անդամ պետություններին ավելի ազատ փոխանակվել գազով և ավելի քիչ կախվածություն ունենալ ռուսական մատակարարումներից, հայտնել է Շևչովիչն աշխատանքային խմբի հանդիպումից հետո:

 

Խումբը մինչև հունիս պետք է Եվրոպայում գազի ենթակառուցվածքների կատարելագործման ուղղությամբ գործողությունների ծրագիր մշակի:

 

«Մենք որոշել ենք մեր նպատակը դարձնել տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի ապահովումը առնվազն երեք հուսալի գազի աղբյուրով: Մենք կարճ ժամկետներում կքննարկենք բոլոր ենթակառուցվածքային նախագծերը, որոնք պետք է ֆինանսավորվեն եվրոպական միջոցներով»,- ասել է Շևչովիչը լրագրողներին: