Հակոբ Հակոբյանին կալանավայրում զննել է հրավիրված բժիշկը
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով կալանավորված է ու գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, բժիշկ է խնդրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ Հակոբ Հակոբյանն ասել է, որ իրեն լավ չի զգում, սկզբում նրան զննել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկը:
«Դրանից հետո նա խնդրեց նաև այլ բժշկի, բժիշկը հրավիրվել է, Հակոբ Հակոբյանը ստուգվել է նորից, ամեն ինչ նորմալ է: Նրա առողջական վիճակը բավարար է»,-ավելացրեց Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին երկու ամսով կալանավորելու՝ Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը:
Հակոբ Հակոբյանը կալանավայրում է ապօրինի ձեռնարկատիրություն վարելու համար, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով:










