«Հիմնադիր խորհրդարանում» մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, և դա պառակտման խնդիր չի առաջացնում. Հ. Խառատյան

18:07 • 10.02.15

Ազգագրագետ, հասարակական-քաղաքական գործիչ Հրանուշ Խառատյանը ոչ թե դուրս է եկել «Հիմնադիր խորհրդարանի» կազմից, այլ «Նախախորհրդարանի» լուծարումից հետո որպես պատգամավոր չի ինքնաառաջադրվել «Հիմնադիր խորհրդարանի» կազմում:


Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հրանուշ Խառատյանը՝ ընդգծելով, որ այդպես է որոշված եղել ի սկզբանե:

 

«Ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ ես միայն վերլուծական աշխատանք եմ իրականացնելու, ես կոնկրետ ոչ պատգամավոր եմ ուզում դառնալ, ոչ էլ ժամանակ ունեմ դրա համար»,-ասաց նա:

 

Հարցին, թե իր որոշումը որևէ կերպ կապվա՞ծ չէ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից ապրիլի 24-ին նախատեսվելիք «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության հետ, պատասխանեց. «Ոչ, ոչ մի կապ չունի, ես չեմ կիսում իրենց այդ մոտեցումը, բայց դա պատճառ չէ: Այսօր «Հիմնադիր խորհրդարանում» էլ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, այդ կարծիքների շուրջ կա բանավեճ: Այս ամենը պառակտման խնդիր չի առաջացնում: Ես այս որոշման մասին խոսել եմ իրենց հետ, իրենք էլ ունեն իրենց լուրջ փաստարկները, և միշտ չէ, որ ես այդ փաստարկների դեմ ունեմ հակափաստարկներ»:


Դիտարկմանը, թե կարծիք կա, որ «Հիմնադիր խորհրդարանի» հետևում կանգնած են արևմտյան ուժեր, Հրանուշ Խառատյանն անմիջապես արձագանքեց. «Գլուխները քարովն են տալիս, նման բան ասողները պետք է տրամաբանական փաստարկներ ունենան: Ես չգիտեմ, թե այդ ասողները ինչի համար են ասում, այդ ամենը ինձ հայտնի չէ: Էդ ասողները ընդհանրապես կարդացե՞լ են «Հիմնադիր խորհրդարանի» ծրագիրը: Պետք է կարդալ, նոր քննադատել ու քննարկել»:


Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ ապրիլի 24-ը պետք է լինի համազգային միասնության, ոչ թե քաղաքական կոչերի օր, Հրանուշ Խառատյանը նշեց, որ ազգային միասնության տեսանկյունից որևէ տարբերություն չկա՝ օրը ապրիլի 24-ն է, թե 23-ը:


Հարցին, թե արդյոք իր և ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Հիմնադիր խորհրդարանում» չինքնաառաջադրվելը չի վկայո՞ւմ այն մասին, որ այս կառույցը թույլ է, պատասխանեց ինքը շարունակում է համագործակցել «Հիմնադիր խորհրդարանի» հետ:


«Նրանք իմ ընկերներն են, ես շարունակում եմ մասնակցել քննարկումներին: Ես չեմ կարող ասել, որ եթե ես չկամ, ինչով է թույլ, կամ եթե կայի, ինչով էր ուժեղ: Հիմա էլ եմ այնտեղ,  թեև խորհրդարանում չեմ»,-ասաց նա: