Կարեն Միրզոյանն ու Հերբերտ Զալբերին խոսել են ԵՄ-ԼՂՀ համագործակցության հնարավորության մասին

12:50 • 10.02.15

Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Արցախի միջև համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և հրավիրել Հերբերտ Զալբերին իր մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին։


Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կողմերը երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և դրանց օժանդակելու անհրաժեշտությունը։