«Էրեբունի» ռուսական ավիաբազայում օդաչուների վարժանքներ են անցկացվում՝ ՄիԳ-29 կործանիչներով

12:29 • 10.02.15

«Էրեբունի» օդանավակայանում սկսվել է ռուսական ավիաբազայի օդաչուների նախապատրաստումը թռիչքներին ծովի մակերևույթից 4-5 կիլոմետր բարձրության վրա օդերևութաբանական բարդ պայմաններում:


Չորրորդ սերնդի ՄիԳ-29 ժամանակակից կործանիչներով օդաչուների վարժանքները, որոնք կշարունակվեն մինչև այս տարվա փետրվարի վերջը, ղեկավարում է զորամիավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը:


Ներկայում օդաչուական անձնակազմը բժշկական ստուգում է անցնում թռիչքների թույլտվություն ստանալու համար, ինչից հետո ձեռնամուխ կլինի ցամաքային տեսական ու գործնական պատրաստության փուլին:


«Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռազմաբժշկական հանձնաժողովի ստուգումն անցնելուց և թռիչքների թույլտվություն ստանալուց հետո «Էրեբունի» ավիաբազայի անձնակազմերի պատրաստումը կմեկնարկի նախաթռիչքային պատրաստությամբ և առաջադրված երթուղիներով սկզբնական պարզ թռիչքների կատարմամբ:


Ցերեկային և գիշերային թռիչքների ընթացքում օդաչուները պետք է մշակեն ձմեռային տարեշրջանում օդանավավարման հմտություններ՝ կլիմայական պայմանների հաշվառմամբ: Նախատեսվում է, որ օդային վարժանքերի օրերին օդաչուները կիրականացնեն մինչև 30 թռիչք:


Ռուսական ավիացիոն միավորման թռիչքային անձնակազմի ուսուցման ընթացքում ուշադրություն կդարձվի մառախուղի և ցածր ամպամածության պայմաններում լեռնային տեղանքում ծովի մակերևույթից 3-ից մինչև 10 հազար մետր բարձրության վրա օդանավավարման հմտությունների կատարելագործմանը:


Օդաչուների նախապատրաստական դասընթացի ավարտվելուց հետո կսկսվի պարզ և բարդ պիլոտաժի հմտությունների, ինչպես նաև օդային մարտ վարելիս ժամանակակից կործանիչների մարտական կիրառման հիմունքների ուսուցումը: