Ուկրաինայում առաջարկել են ժամանակավորապես խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես դադարեցնել այդ երկրի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռադայի մամուլի ծառայության հայտարարությունը:
Փաստաթուղթն առաջարկել են Արմատական կուսակցության պատգամարվորները: Բուն բանաձևի նախագիծը, սակայն, առայժմ չի հրապարակվել։
Անցած տարի՝ օգոստոսին, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ևս առաջարկել էր խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ դեռ հուլիսին տեղեկություն էր տարածվել, որ Պորոշենկոյի վարչակարգը նման զարգացումը հնարավոր համարում է: Նույն առաջարկը Ռադայում հնչել էր նաև անցած տարվա մարտին:
Ըստ ուկրաինացի գործիչների՝ այս կերպ Ուկրաինան ցույց կտա իր դիրքորոշումը ռուսական ագրեսիայի դեմ:










