Հայաստանն իրական ձեռքբերումներ է գրանցել ժողովրդավարության զարգացման հարցում. Էրիկ Ռուբին
Հայաստանը զգալի հաջողությունների է հասել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում, և ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ՀՀ-ին` հետագա զարգացման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը։ «Մենք պատրաստ ենք ՀՀ-ին աջակցել ժողովրդավարո թյան և քաղաքացիական հասարակության կայացման հարցում, որը Հայաստանի լուրջ ձեռքբերումներից է: Փաստ է, որ Հայաստանն ունի իրական բազմակուսակցական խորհրդարան, որ մամուլում գոյություն ունի իրական բանավեճ, Հայաստանում առկա է հավաքների ազատություն, առկա է հասարակություն, որում մարդիկ կարող են արտահայտել իրենց հայացքները, և մենք ցանկանում ենք սատարել այդ ամենը՝ աշխատելով իշխանությունների հետ: Իմ կարծիքով, այս ոլորտում Հայաստանն իրական ձեռքբերումներ է գրանցել վերջին տարիների ընթացքում»,- ընդգծել է Ռուբինը:
Նրա խոսքով`ԱՄՆ-ի կարևորագույն առաջնահերթությունն է` Հայաստանի տնտեսական աճը, ինչպես նաև` ապրանքաշրջանառության և ներդրումների ավելացումը, քանի որ Հայաստանը դրա կարիքն իրոք ունի: Ռուբինն ավելացրել է, որ ԱՄՆ-ը բավարարված չէ տնտեսական հարաբերությունների ներկա վիճակով և ցանկանում ենք ավելի խոշոր ամերիկյան ներդրումներ տեսնել Հայաստանում»:
Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի երկրորդ առաջնահերթությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: «Մի հակամարտություն, որը բացասական, անարդար և ցավալի է բոլորի համար, և այժմ հակամարտության գոտում մահացածների և վիրավորների թիվը ամենաբարձրն է պատերազմի ավարտից հետո: Դա նորմալ չէ, և մենք պատրաստ ենք սերտ աշխատել երկու առաջնորդների հետ: Մենք գիտակցում ենք, որ չկա մի կախարդական լուծում, մենք գիտակցում ենք, որ սա երկարատև ու ծանր հակամարտություն է, սակայն այն չպետք ընթանա սխալ ուղղությամբ»,- ասել է Ռուբինը` կարծիք հայտնելով, որ այս տարի կարող է առաջընթացի տարի լինել:










