ՌԴ դատախազները կարող են որպես մեղադրող կողմ հանդես գալ Գյումրիի աղմկահարույց գործով

14:02 • 10.02.15

Ռուսաստանի Դաշնության դատախազության ներկայացուցիչները կարող են որպես մեղադրող կողմ հանդես գալ Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության գործով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Նման հայտարարություն է արել Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին:

 

«Ես կարծում եմ՝ այո»,- ասել է գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին: Նա, սակայն, ընդգծել է, որ այդ մասին խոսակցություն դեռ չի եղել: Նրա խոսքով՝ Զինվորական դատախազությունը պատրաստ է միանալ գործընթացին:

 

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:

 

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։

 

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: