ԱՄՆ-ի զինվորականները մարտին կսկսեն մարզել Ուկրաինայի ազգային գվարդիայի 600 մարտիկի. Washington Times

11:53 • 10.02.15

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, պատրաստվում է Ուկրաինա ռազմական մասնագետներ ուղարկել՝ տեղի ազգային գվարդիային մարզելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Times-ին:

 

Մարտին ամերիկյան զինվորականները կսկսեն մարզել ուկրաինական ազգային գվարդիայի մոտ 600 մարտիկի: Աշխատանքը կանցկացվի երկրի արևմուտքում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն կբարեփոխի Ուկրաինայի ազգային գվարդիան: Ինչպես նշում է թերթը, Պենտագոնում մինչ այժմ դեռ չեն որոշել իրենց վերապատրաստման ծրագրի հիմնական կետերը: Մասնավորապես հայտնի չէ՝ հատկապես քանի ամերիկյան մասնագետ է ենթադրվում ուղարկել Ուկրաինա, ասված է հոդվածում:

 

Այնուամենայնիվ, արդեն տեղեկություն կա այն մասին, որ մարզումներին կմեկնեն Իտալիայի հյուսիսում գտնվող ԱՄՆ-ի 173-րդ օդադեսանտային խմբի մասնագետները: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Վանեսա Հիլմանը: Նրա խոսքով՝ ուկրաինական անվտանգության ուժերի ներկայացուցիչներին կսովորեցնեն՝ ինչպես ուժեղացնել իրավապահ մարմինների հնարավորությունները և պաշտպանել «օրենքի իշխանությունը»: