Ռուսաստանը չի հանձնի Յանուկովիչին Ուկրաինային

16:38 • 10.02.15

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան վստահեցրել է Կիևին, որ իրենք անպայման կպատասխանեն իրենց ուկրաինացի գործընկերների հարցմանը, որը վերաբերում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա մի շարք համախոհների արտահանձնմանը։ Դատախազը նշել է, որ պատասխանը բացասական կլինի, գրում է Вести-ն։

 

Բացասական պատասխանը Չայկան հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանն այդ մարդկանց քրեական հետապնդման մեջ քաղաքական դրդապատճառներ է տեսնում։

 

Ինչպես ռուսական օրենսդրությունը, այնպես էլ միջազգային-իրավական փաստաթղթերը նախատեսում են չհանձնել արտերկրներին այն անձանց, որոնց հանդեպ քրեական հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։

 

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 2015թ. հունվարի 20-ին սկսել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի և ֆինանսների նախկին նախարար Յուրի Կոլոբովի արտահանձնման փաստաթղթերի պատրաստման գործընթացը։