ՀՀ-ն պետք է պաշտոնապես ձևակերպի, որ չի հանդուրժում նույնասեռականության հիմքով որևէ խտրականություն. Human Right House

15:05 • 11.02.15

Հայաստանը պետք է պաշտոնապես ձևակերպի, որ չի հանդուրժում նույնասեռականության հիմքով որևէ խտրականություն, ինչպես նաև պետք է հատուկ օրենք ընդունի տղամարդկանց և կանանց հավասարության մասին, որը կոչվի՝«Գենդերային հավասարության մասին»:


Այս մասին այսօր «ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում-Հայաստան 2015. արդյունքներ և գնահատականներ» թեմայով քննարկմանը հայտարարեց  «Human Right House» հիմնադրամի ջատագովության միջազգային պատասխանատու Աննա Ինոչենտին:


Բանախոսների թվում էին՝  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը,  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Բաց  հասարակության հիմնադրամներ-Հայաստան», հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար   Վինսենթ Պյոտոն Human Right House հիմնադրամի ջատագովության միջազգային պատասխանատու Աննա Ինոչենտին:


«Նախևառաջ, Հայաստանը, ըստ պարտավորվածի, պետք է ապահովի, որ «խտրականության» մասին ազգային սահմանման մեջ ներառվեն դաշնագրով նախատեսված խտրականության բոլոր ձևերը. ռասսա, մաշկի գույն, կրոն, սեռ և սեռական կողմնորոշում»,- ասաց իրավապաշտպանը և  նկատեց, որ Մարդու իրավունքների կոմիտեի՝ ՀՀ-ին   հանձնարարականներից է նաև, որ ՀՀ-ն օրենք ընդունի, որով կքրեականացնի կենցաղային-ընտանեկան  բռնության դեպքերը, պետությունը պաշտոնապես ձևակերպի, որ չի հանդուրժում նույնասեռականության հիմքով որևէ խտրականություն:


«Եվ վերջինը, որ նվազ կարևոր չէ, պետք է Զինված ուժերում բացառի ոչ կանոնադրական հարաբերությունները և լայնորեն հետաքննի դրանց հետևանքով՝ մահվան բոլոր դեպքերը»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ  Հայաստանն աշխարհի 168 երկրներից մեկն է, որ  վավերացրել է  «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային այս դաշնագիրը: Եվ  վավերացնելով այն՝ Հայաստանը պարտավորվել է կատարել այդ դաշնագրով նախատեսված պարտավորությունները և դրանց իրագործման առնչությամբ աշխատել Ժնևում գտնվող Մարդու իրավունքների կոմիտեի հետ:


Նշենք, որ մարդու իրավունքների վիճակը 4,5 տարին մեկ ուսումնասիրվում է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երկրներում: Եվ այս տարի հունվարի 22-ին զեկույցի ներկայացման ժամանակ հանձնարարականներ էին ուղղվել ՀՀ-ին:


«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի» արտաքին հարաբերությունների ղեկավար   Վինսենթ Պյոտոն 2012-ի օգոստոսին ուսումնասիրել և քննարկել էր Հայաստանի կողմից Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը:
Ինչի արդյունքում ՀՀ-ին մոտ 25 հանձնարարականներ էր տվել, որոնցից 3-ը կոմիտեն ճանաչել էր առաջնահերթ, ու դրանց իրագործման ուղղությամբ աշխատելու համար Հայաստանին տրվել էր 12 ամիս ժամանակ:


2014-ին կոմիտեն Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների տեղեկատվության լույսի ներքո ուսումնասիրել է կատարման ընթացքը և պարզել, որ ՀՀ-ն չի կատարել այդ երեք առաջնահերթությունները և նշանակել է c գնահատականը, որը հավասարազոր է անբավարարի, այդ հանձնարարականները չիրագործելուն:


Այդ 3 հանձնարարականներ վերաբերվում են 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին և  «դրանց հետ կապված անպատժելիությանը»: Մասնավորացվեց, որ ավելի ընդհանուր գծերով՝  ոստիկանության և իրավապահ ուժերի կողմից չափազանց շատ ուժի կիրառմանն  ու գործադրմանը:


Երկրորդ հանձնարարականը վերաբերվել է Հայաստանում խոշտանգումների մասին բողոքները քննող և մեղավորներին  պատասխանատվության ենթարկող անկախ մեխանիզմ ստեղծելուն: Իսկ երրորդը՝ անկախ դատական համակարգի ստեղծմանը:


Ըստ բանախոսի՝ լավ լուրն այն է, որ  այս ուղղություններով աշխատանքը շարունակելու հնարավորություն դեռ կա:


Նա կոչ արեց, որպեսզի «Կառավարությունում ներկայացված անձինք» և հասարակական կազմակերպություններն առաջընթաց  ապահովեն՝ նախքան հաջորդ զեկույցը ներկայացնելու համար նախատեսված ժամկետը՝ 2016 թվականի հուլիսը: