Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբն այսօր կվերսկսի նիստը. Բելառուսի ԱԳՆ
Բելառուսի արտգործնախարարությունը հաստատել է չորեքշաբթի օրը Մինսկում Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի նիստի վերսկսման պլանները, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով նախարարության տեղեկատվության վարչության ղեկավարի տեղակալ Մարիա Վանշինային:
«Իսկապես, այսօր նախատեսվում է կոնտակտային խմբի նիստ: Հստակ ժամը դեռ հայտնի չէ»,- ասել է նա՝ նշելով, որ բանակցությունների մասնակիցները պատրաստվում են հավաքվել «Դիփսերվիս Հոլ» համալիրում, որտեղ նախօրեին անցկացվել են բանակցությունները:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ բանակցությունների վերսկսման հստակ ժամը հայտնի կդառնա Մինսկի ժամանակով ժամը 10-ից հետո:
Իր կողմից՝ դիվանագիտական աղբյուրը հայտնել է ria.ru-ին, որ «նորմանդական քառյակի» երկրների ԱԳՆ-ների ներկայացուցիչները, որի մեջ են մտնում Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան, շարունակում են Մինսկում երկրների առաջնորդների հանդիպումն անցկացնելու նախապատրաստությունների ուղղությամբ աշխատանքը:










