Ահաբեկիչ Բրեյվիկը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Նորվեգիայի ԱՆ դեմ
Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Նորվեգիայի արդարադատության նախարարության դեմ և հայտարարել, որ մենախցում իր երկարատև պահվելը կարելի է հավասարեցնել «կտտանքների»: Այդ մասին հայտնել է Բրեյվիկի փաստաբան Գեյր Լիպեստադը, գրում է gazeta.ru-ն:
Բրեյվիկն ազատազրկվել է 21 տարով: 2011 թվականի հուլիսի 22-ին նորվեգացի ահաբեկիչը 77 մարդ է սպանել՝ ի նշան մուլտիկուլտուրալիզմի և «մահմեդական ներխուժման» դեմ բողոքի:
Ինչպես ասել է Լիպեստադը, նա մտադիր է հայց ներկայացնել մինչև Սբ Զատիկը: Դա տեղի կունենա փաստաբանի բազմաթիվ փորձերից հետո՝ վերջ դնել իր հաճախորդի մեկուսացմանը, որը տևում է վերջին երկու տարիների ընթացքում: Փաստաբանը նախկինում պահանջել է բանտի ղեկավարությունից տեղափոխել Բրեյվիկին միայնակ բանտասենյակից:
Լիպեստադը պնդում է, որ բանտում Բրեյվիկի պահման պայմանները հակասում են Մարդու իրավունքների մասին եվրոպական հռչակագրի 3-րդ հոդվածին:
«Երկարատև մեկուսացումը դառնում է խոշտանգման տեսակ»,- ընդգծել է փաստաբանը: «Հնարավոր է՝ նա միշտ լինի հատուկ կալանավոր՝ հատուկ սահմանափակումներով, բայց նա չի կարող միշտ գտնվել մեկուսացման մեջ: Նա ցանկանում է շփվել այլ կալանավորների հետ: Ինչքան երկար նա մնա մեկուսացված, այնքան ավելի շատ է հավանականությունը, որ դա նրան կվնասի»,- հավելել է նա:










