Հայաստանի կոմունիստները լուրջ մտահոգված են վերջին բռնարարքների դեպքերով. հայտարարություն

11:11 • 11.02.15

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն, բոլոր կոմունիստներն ու համակիրները լուրջ մտահոգված են վերջին շրջանում մի շարք քաղաքական գործիչների, հասարակական ակտիվիստների, արցախյան գոյամարտի ազատամարտիկների, հասարակական կազմակերպությունների ու խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված առևանգումների, դաժան ծեծերի և բռնարարքների օր-օրի սաստկացող դեպքերով:


Բռնությունները` որպես վերաբերմունքի ձև, սովորական երևույթ են դարձել ու պարբերաբար կրկնվում են: Մեզ համար անընդունելի է մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառելը, որի համար մենք մեր դժգոհությունն ենք հայտնում և խիստ դատապարտում ենք ՀՀ քաղաքացիներին հետապնդելու և նրանց նկատմամբ հակամարդկային գործողություններ իրականացնելու արատավոր գործելակերպը:


Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը փաստում է, որ բռնությունները շարունակական բնույթ են կրում, քանի որ համակարգի բնորոշ հատկությունն անպատժելիությունն է: Դրանք կամ չեն բացահայտվում կամ դրանք կիրառող անձինք մնում են անպատիժ:   


Մենք միանում ենք հասարակական բողոքի ձայնին և պահանջում պետական կառույցներից, հատկապես ՀՀ Ազգային անվտանգությունից և ՀՀ Ոստիկանությունից` անհապաղ և բազմաբնույթ միջոցառումներ իրականացնել կարճ ժամանակաշրջանում բացահայտելու և պատժելու բռնություն կատարողներին` Հայաստանում օրենքի գերակայություն հաստատելու համար: Երկրում չի կարող լինել ներքին թշնամանք  և ատելություն: