Արկտիկական ցիկլոնների ներհոսք է սպասվում, գյուղատնտեսական աշխատանքներով դեռ վաղ է զբաղվել. ԱԻՆ
Փետրվարի 11-ի դրությամբ հանրապետության որոշ շրջաններում տեղումների ամսական քանակը մոտեցել է նորմային և նույնիսկ գերազանցել այն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿ ԱԻՆ օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Վերջին օրերին միջերկրածովյան ցիկլոնները հսկայական քանակությամբ տեղումներ առաջացրին հատկապես Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում: Շիրակի առանձին հատվածներում այսօրվա դրությամբ տեղումների ամսական քանակը կազմում է նորմայի 110-120%-ը: Լուրջ ցիկլոններ սպասում ենք առաջիկա երկու օրերին: Հենց այսօր օրվա երկրորդ կեսից հաջորդ միջերկրածովյան ցիկլոնը կներթափանցի մեր տարածք և կգործի մինչև փետրվարի 13-ի գիշերը»,- ասաց նա:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային առանձին շրջաններում՝ առատ տեղումներ:
«Ամսվա վերջում կունենանք նորմայից բարձր ձնածածկույթ: Մարտը տեղումնառատ ենք սպասում: Ակնկալում ենք, որ մարտին մեծ քանակությամբ ձյուն է կուտակվելու հանրապետության լեռնային շրջաններում»,- ասաց նա:
Դիմելով գյուղատնտեսությամբ զբաղվողներին, կոչ արեց. «Պետք չէ ոգևորվել այս բարձր ջերմաստիճաններից ու սկսել գյուղատնտեսական աշխատանքներ, որովհետև փետրվարի 16-ից սկսած արկտիկական ցիկլոնների ներհոսք կա մեր տարածք, և չի բացառվում, որ փետրվարի 16-ից հետո լուրջ անկումներ դիտվեն: Ով սկսել է աշխատանքները, պետք է դադարեցնի»:










