Ջրամբարներում ջրի պակաս չի լինի, ու սուտ է երաշտի մասին տեղեկությունը. ԱԻՆ ներկայացուցիչ

12:35 • 11.02.15

Ապատեղեկատվություն են այն լուրերը, որ ջրամբարները դատարկ են և երաշտ է սպասվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պաշտոնապես հայտարարեց ՏԿ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության hիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը՝ ընդգծելով, որ նախաձմեռային ժամանակահատվածում հիդրոօդերևութաբանական պայմանները բարենպաստ են եղել, տեղումները կազմել են նորմայի 150-160%-ը, ինչը նպաստավոր պայման է ջրային ռեսուրսների ձևավորման համար:


«Ինչ վերաբերվում է ձնածածկույթին, նշեմ, որ փետրվարի առաջին տասնօրյակի դրությամբ հանրապետության խոշոր գետավազանների մեծ մասում ձնածածկույթը կազմում է նորմայի 80-90%-ը, միայն Սևանի ու Արփայի ավազանում այն կազմում է 60-70%, ինչը փոքր-ինչ ավելի ցածր է, քան մյուս ավազաններում: Ախուրյանի ավազանում նույնիսկ նորմայից բարձր է՝ 110%: Վարարումների հոսքը կախված է նաև եղանակային պայմաններից, եղել են տարիներ, երբ կուտակվել է մեծ քանակությամբ ձյուն, սակայն վարարումների ընթացքում ջերմային և խոնավության պայմաններով պայմանավորված հոսք չի ձևավորվել ու ջրամբարները չեն լցվել:Եթե հիշում եք, 2003-ին մեծ քանակությամբ ձյուն էր կուտակված, սակայն ջրամբարները չլցվեցին, պատճառն այն էր, որ աշնանային խոնավությունը բավական ցածր էր, իսկ մարտի ջերմային մակարդակը բարձր էր»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է ջրամբարներին, ապա Լևոն Ազիզյանը նշեց, որ փետրվարի 11-ի դրությամբ Ապարանի ջրամբարում ջրի ծավալը կազմում է 13,2 մլն խմ, Ազատի ջրամբարում՝ 22,9 մլն խմ, Ախուրյանի ջրամբարում՝ 140 մլն խմ:


«Այս քանակը հավասար է 2014թ-ի ցուցանիշներին, բայց այս տարի ի տարբերություն նախորդ տարվա աշնանային խոնավությունը բարձր է, ուստի ձյան հալքի կորուստն էլ բավական քիչ կլինի: Միայն վերլուծություններով կարելի է ասել, որ ավելի ջրառատ տարի կլինի նախորդ տարվա համեմատ»,- ասաց նա: