Հայոց ցեղասպանության մասին քննարկման ներառումը սրել է Անկարայի ու Բրյուսելի հարաբերությունները
Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստում Հայոց ցեղասպանության մասին քննարկման ներառումը սրել է Անկարայի ու Բրյուսելի հարաբերությունները, տեղեկացնում է թուրքական Sabah թերթը:
Թուրքիան միակողմանիորեն չեղյալ է համարել փետրվարի 18-19-ին կայանալիք Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի նիստը: Անկարան իր այս քայլը բնութագրել է որպես Թուրքիայի մասին զեկույցին ուղղված դիվանագիտական պատասխան:
Եվրախորհրդարանում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ վերջին պահին Թուրքիայի կողմից հանդիպումը չեղյալ համարելն անհասկանալի կեցվածք է: Ռենաթ Սոմմերը խստորեն քննադատել է Թուրքիային ու նշել, որ կառավարության այդ որոշումը կարող է պայմանավորված լինել եվրոպացի պատգամավորների կողմից թուրքական կառավարությանն ուղղված՝ հատկապես մամուլի ազատության և Կիպրոսի հարցի վերաբերյալ խիստ քննադատություններով:










