Սիրիայում և Իրաքում գրոհայինների շարքերում 20.000 օտարազգի է կռվում
«Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների շարքերում Սիրիայի և Իրաքի տարածքներում 20 հազար օտարերկրացի է կռվում, այդ թվում՝ Արևմուտքի երկրների առնվազն 3.400 ներկայացուցիչ, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Սիրիա հասնել է փորձել առնվազն ԱՄՆ-ի 150 քաղաքացի, նրանց մի մասը ձերբակալվել է հակամարտության գոտի հասնելու ճանապարհին, իսկ մյուս մասը սպանվել է մարտերի ընթացքում: Միևնույն ժամանակ՝ ամերիկացիներից ոմանք դեռ կռվում են իսլամիստների շարքերում:
ԱՄՆ-ի հակաահաբեկչական ազգային կենտրոնի ղեկավար Նիկ Ռասմուսենը նշել է, որ Սիրիայում իսլամիստների շարքերում կռվելու մեկնող օտարերկրացիների թիվը զգալիորեն գերազանցում է Աֆղանստանում, Պակիստանում, Եմենում, Սոմալիում և Իրաքում կռվածների թիվը:
Իրաքում ու Սիրիայում, նրա խոսքով, կռվում են առնվազն 90 երկրի քաղաքացիներ:
Վաշինգտոնում զգուշանում են, որ այդ զինյալների մի մասը կվերադառնա հայրենիք՝ Եվրոպա կամ Ամերիկա՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու: Պաշտոնյաները նաև խոստովանում են, որ իսլամիստների շարքերում կռվող բոլոր ամերիկացիներին ու եվրոպացիներին հետևել հնարավոր չէ:










