Մահացել է բասկետբոլի պատմության ամենաազդեցիկ մարզիչներից մեկը՝ հայազգի Ջերի Թարխանյանը

22:07 • 11.02.15

84 տարեկանում մահացել է Ջերի Թարխանյանը, ով համարվում է բասկետբոլի պատմության ամենաազդեցիկ մարզիչներից մեկը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

 

Աղբյուրը Թարխանյանին անվանում է ‏Լաս Վեգասի Նևադայի համալսարանում բասկետբոլային դինաստիա ստեղծած անձ:

 

Ըստ «Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանի նյութերի՝ Ջերրիի ծնողները Մալաթիայից էին, ովքեր վերապրել են Ցեղասպանությունը։ Պապը գլխատվել է թուրքերի կողմից, տատը մահից առաջ դստերը՝ Հայկուհուն, հասցում է ուղարկել Լիբանան, որտեղ վերջինս հանդիպում է Գևորգ անունով մի տղայի։ Ամուսնանալով` նրանք գաղթում են ԱՄՆ և հաստատվում Օհայո նահանգի Յուքլիդ քաղաքում։ ԱՄՆ-ում Գևորգը դարձավ Ջորջ, իսկ Հայկուհին՝ Ռոզի։ 1930 թվականի օգոստոսի 8-ին ծնվեց նրանց առաջնեկը, ում ի սկզբանե ցանկանում էին Գրիգոր անվանել՝ Գրիգոր Լուսավորչի անվամբ։

 

Մանուկ հասակում նրան այդպես էլ անվանում էին, թեև փաստաթղթերով նա Ջերրի է։ Ընտանիքն ապրում էր աղքատ պայմաններում։ Հայրը ոչ մեծ մթերային կրպակ ուներ, որտեղ Ջերրին փոքր հասակից օգնում էր նրան։ 11 տարեկան հասակում մահացավ Ջերրիի հայրը, և Թարխանյանները տեղափոխվեցին Կալիֆորնիա նահանգ՝ բարեկամների մոտ։ Կրկին ապրում էին աղքատության մեջ, և Ջերրիի միակ զբաղմունքը բասկետբոլն էր։ Նա համարվում էր Փասադենայի լավագույն խաղացողը։ Այն հանրահայտության համար, որ նա բերում էր քոլեջին, ուսուցիչները վերջինիս գերազանց էին գնահատում և փոխադրում կուրսից կուրս։

 

Թարխանյանը բացառիկ հաջող մարզչական կարիերա է արել, համարվում է պատմության մեջ հինգերորդ ամենաշատ հաղթանակներ գրանցած մարզիչը, վաստակել է «Շնաձուկ Թարխ» մականունը: