Ապրիլի 24-ը ոչ թե սուգի, այլ ազգային վերածննդի օր է. Ժիրայր Սեֆիլյան

14:27 • 11.02.15

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին նշեց, որ ապրիլի 24-ին «Հիմնադիր խորհրդարանը» չի պատրաստվում խժդժություններ ստեղծել Երևանում կամ ՀՀ այլ քաղաքում: Պարզապես հենց այդ օրը սկսելու են մի գործընթաց, որի նպատակն է ձերբազատվել իշխող համակարգից:


«Շատերը կարծում են, թե մենք այդ օրը խառնակչությամբ ենք զբաղվելու, թույլ չենք տալու այդ օրը հայ ժողովուրդը իրականացնի իր պարտքը զոհերի առջև, ինչպես ամեն տարի, այդպես չէ: Այդ օրը մենք ևս մասնակցելու ենք այդ ծիսակատարությանը, բայց դրանից հետո սկսելու ենք մեր գործընթացը: Մենք ամեն օր հանդուրժում ենք այս համակարգը՝ նսեմացնելով մեզ ու մեր բոլոր ժամանակների նահատակներին: Ապրիլի 24-ը սուգի օր չէ, 50  տարի առաջ մեր երրորդ սերնդին հաջողվել է վերաիմաստավորել այդ օրը և ազգային վերածննդի ժամանակաշրջան ենք ապրել, ինչից հետո ազատագրենք Արցախը: Եկել է ժամանակը վերաիմաստավորելու վերածննդի գաղափարը»,- ասաց նա և վստահեցրեց, որ որևէ կերպ չեն խոչընդոտելու նաև պետության կողմից նախատեսված միջոցառումներին:


Ժիրայր Սեֆիլյանն ընդգծեց, որ 1915թ-ին հայ ժողովուրդը ցեղասպանվեց պետություն չունենալու պատճառով, ուստի եկել է ժամանակը՝ օր առաջ ստեղծելու ազգային պետություն, որ կանխենք հերթական ցեղասպանությունը, որը տեղի է ունենում այսօր:


Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ ապրիլի 24-ի գործընթացը խաղաղ է լինելու, իսկ ովքեր չեն կարողանում հոգեբանորեն հասկանալ, որ այդ օրը սուգի օր չէ, այլ վերածննդի, կարող են իրենց միանալ ապրիլի 25-ին:


«Ամիսներ առաջ հայտարարել էին, որ որպես գլխավոր անելիք պատրաստվում ենք ձևավորել քաղաքացիական բանակ, որը պետք է անհրաժեշտ պահին ինքնակազմակերպվի ու քաղաքացիական անհնազանդության մեթոդներով, խաղաղ մեթոդներով կիրառի այնպիսի ճնշում համակարգի վրա, որ օր առաջ ձերբազատվենք: Այժմ ավելացնում եմ, որ բանակը համալրելու պահը եկել է ու այսօրվանից կոչ եմ գտնել ձեզ ցուցակագրվել որպես շարքային զինվոր»,- ասաց նա:


Ժիրայր Սեֆիլյանը չնշեց, թե ապրիլի 24-ին կոնկրետ ինչ են նախատեսում իրականացնել՝ երթ, հանրահավաք, բայց նշեց, որ դրա մասին ասելը անլրջություն կլինի իրենց կողմից:


Նա նաև նշեց, որ իրենք նորից են գնալու Արցախ և որևէ մեկը չի կարող իրենց խանգարել. «Երթ նախորդ անգամ անցել էինք իրազեկելու նպատակով, ապա հաջորդ անգամ՝ Արցախը Հայաստանի Հանրապետությունից օտարելու, ցեմենտի պատ կառուցելու հարցի դեմ պայքարելու համար»: