Մինսկում բանակցությունների մասնակիցները հերքել են հրադադարի մասին հաղորդագրությունները
Մինսկում երեքշաբթի օրը հանդիպած Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով կոնտակտային խմբի մասնակիցները հերքել են հրադադարի ռեժիմ հաստատելու շուրջ համաձայնության ձեռքբերման մասին հաղորդագրությունները, որոնք ավելի վաղ հայտնվել են մի շարք ԶԼՄ-ներում, գրում է Reuters-ի ռուսական ծառայությունը:
Մասնավորապես՝ ТАСС գործակալությունը երեքշաբթի երեկոյան՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրի, հայտնել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, ռուսամետ անջատողականների և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները պայմանավորվել են հրադադար հաստատելու և դա վերահսկելու շուրջ և համաձայնեցրել են ծանր զինատեսակների հեռացման սխեման:
Ավելի ուշ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը Россия 24 հեռուստաալիքի եթերում ասել է, որ դեռևս վաղ է խոսել որևէ պայմանավորվածության ձեռքբերման մասին և հայտնել է, որ կողմերը դեռևս ընդմիջում են վերցրել:










