Հաշմանդամությունը փակուղի չէ, պետք չէ ընդհանրացնել խնդիրը. «Հայ մայրեր» ՀԿ նախագահ
Հայ հասարակության շրջանում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպեր կան, բայց պետք չէ ընդհանրացնել խնդիը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայ մայրեր» ՀԿ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը, ով զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներով և ինքն էլ խնամում նման խնդիր ունեցող իր բալիկին։
Նարինե Մանուկյանը խնդիրը, նախևառաջ, պայմանավորում է անիրազեկությամբ։ «Օրինակ՝ ես իմ կարճ գործունեության ընթացքում 2 տարվա մեջ շատ մարդկանց կարծրատիպեր եմ կոտրել կոնկրետ մանկական ուղեղի կաթվածի մասով, մտածել են, որ դա փակուղի է, ողբերգություն է, որ նման ընտանիքները չեն կարող երջանիկ լինել։ Մենք կարողացել ենք այդ մթնոլորտը ցրել, և դա անիրազեկությունից է գալիս, ցավոք»,-ասաց նա։
ՀԿ նախագահի խոսքով՝ հայ հասարակությունը տգետ չէ, որ չկարողանա ընկալել։ «Այդ խնդրով մարդիկ փողոցներում շատ չեն երևում, հասարակական կյանքին ակտիվ չեն կարողանում մասնակցել, չեն գնում սրճարաններ, թատրոններ, դրա համար էլ մարդիկ սայլակով մեկին տեսնում են, պատկերցնում են, թե ահավոր ծանր, ողբերգական վիճակ է։ Իրականում այդպես չէ, միանշանակ հաշմանդամություն ունեցող ընտանիքի երեխան էլ կարող է երջանիկ լինել»,-ասաց նա։
Նարինե Մանուկյանն, անդրադառնալով միջազգային մամուլի կողմից մեծ աղմուկ բարձրացրած` Դաունի սինդրոմով ծնված Լեոյի պատմությանը, նշեց, որ տարիների ընթացում շատ ծնողներ իրենց բալիկներին թողնում են՝ բախվելով այդ իրականությանը, ինչն իր համար ոչ միայն որպես նման խնդիրներով զբաղվող ՀԿ-ի նախագահ, այլև` որպես նման բալիկի մայրիկ՝ անընդունելի է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ միջազգային մամուլում մեծ աղմուկ հանեց դեպքը, որ հայ կինը հրաժարվել է Դաունի սինդրոմով ծնված իր բալիկից, մինչդեռ նորզելանդացի ամուսինը պատրաստ է որպես միայնակ հայր խնամել երեխային։ Փորքիկ Լեոյին հայրենի Նոր Զելանդիա տեղափոխելու և այնտեղ նրա խնամքով զբաղվելու համար հայրը դրամահավաք էր կազմակերպել և բավական մեծ չափով գումար հավաքել։ Մայրը՝ Ռուզան Բադալյանն, ի պատասխան իր հասցեին հնչող մեղադրանքների, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Առաջինը, որ ես մտածեցի` երեխայի հիվանդության մասին լսելուց հետո, որ չեմ ուզում, որ իմ երեխան ապրի կարծրատիպերով խեղդված մեր երկրում, ուր չկան նման երեխաների համար որևէ հնարավորություններ: Ես ուզում եմ, որ նա լինի հասարակության մեջ ներգրավված ու ընդունված, ինչը մեր երկրում իրականություն դառնալու համար տարիներ ու տարիներ են պետք»։
«Ես` որպես մայր, կարող եմ ասել, որ միանշանակ դատապարտում եմ, առավել ևս, որ կարդացի մայրիկի գրած բացատրությունը, թե 80 000 դրամով անհնար է պահել հաշմանդամություն ունեցող երեխային։ Իսկ հաշմանդամություն չունեցող երեխային հնարվո՞ր է 80 000 դրամով պահել, դա բացատրություն չէ։ Ես միշտ մեղադրել եմ ու մեղադրելու եմ... եթե դու մայր ես, ուրմեն ինչո՞ւ կարող ես լինել առողջ երեխայի լավ մայր, բայց երբ քո բալիկը խնդրով է ծնվում, հրաժարվում ես նրանից, ուրմեն` դու մայր չես առհասարակ, որովեհտև նույն խնդիրը կարող է առաջանալ և' 10 տարեկանում, և' 20, և' 30, և ի վերջո` ծնողը պետք է հիշի, որ ինքն էլ ինչ-որ պահի կարող է դառնալ հաշմանդամություն ունեցող անձ»,-ասաց նա։
Անդրադառնալով երեխայի հոր որոշմանը, Նարինե Մանուկյանը նշեց, թե նրան էլ պետք չէ հերոսացնել։ «Այդ մարդն ընդամենը որոշակի իրավիճակում արագ կողմնորոշվել է և արագ սկսել է դրամահավաք կազմակերպել` հսկայական միջոցներ հավաքելով։ Դա իր իրավունք է, վատ բան չի արել, իր բալիկին պահելն արդեն խրախուսելի է, բայց կցանկանայի ասել, որ ինքը` որպես Նոր Զելանդիայի քաղաքացի, հստակ գիտի, որ գնալու է իր երկիր, և մյուս օրվանից իր բալիկը ստանալու է ծառայությունների ամբողջական փաթեթ, այսինքն՝ վերականգնողական դեղորայք, խնամքի կենտրոններ, ինքը` որպես ծնող, ոչ մի լուրջ ներդում չի ունենալու, բացի օրինակ՝ քնքշանքից»,-ասաց նա։
Նարինե Մանուկյանը նշեց, մեր երկրում ոլորոտը որոշ չափով բարելավվել է, բայց ոչ այնքան, որ համեմատելի լինի զարգացած երկրների հետ։










