Ուկրաինայի նախագահը դուրս է եկել այն սենյակից, որտեղ ընթանում են Մինսկի բանակցությունները

23:17 • 11.02.15

Մինսկում մեկնարկել են Ուկրաինայի հարցով բանակցությունները՝ շահագրգիռ կողմերի առաջնորդների մասնակցությամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի:

 

Առայժմ միակ զարգացումն այն է, որ ԶԼՄ-ների փոխանցմամբ` Պորոշենկոն դուրս է եկել Մինսկի Ազատության պալատի բանակցությունների սրահից և բարձրացել է վերևի հարկ: Այս առիթով «Գազետան» հստակեցնում է, թե Պորոշենկոն «մի րոպեով» է լքել բանակցությունների սրահը:

 

RBC Daily-ն մանրամասնում է, որ դա տեղի է ունեցել Պուտինի հետ Պորոշենկոյի «էմոցիոնալ զրույցից» հետո:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինն ու Պորոշենկոն բանակցություններին անցնելուց առաջ միմյանց ձեռք են սեղմել: Russia Today-ը տեղեկացրել էր նաև, որ բուն բանակցություններից առաջ Մերկելն ու Օլանդը առանձնազրույց են ունեցել Պորոշենկոյի հետ: