Պուտինը, աս-Սիսին և Էրդողանը դեռ չեն բացի «արքաների ակումբ». FT

15:11 • 11.02.15

Երբ հանդիպում են երկու ուժեղ առաջնորդ, հազվադեպ է հաջողվում խուսափել փոխադարձ հիացմունքներից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times թերթին, որը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Եգիպտոս:

 

Ինչպես նշում է թերթը, Կահիրեի փողոցներում հնարավոր էր տեսնել ողջունող բաներներ, իսկ «Ալ-Ահրամ» պետական թերթը ռուս առաջնորդին անվանել է «մեր ժամանակների հերոս»:

 

FT-ն հիշեցնում է, որ Պուտինը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին երկուշաբթի երեկոյան այցելել են Կահիրեի օպերա:

 

Հոդվածում նաև նշվում է, որ և՛ Ռուսաստանի, և՛ Եգիպտոսի առաջնորդները հատուկ ծառայություններում աշխատանքի փորձ ունեն, և «անկասկած» հիանում են իրարով, հատկապես՝ իսլամիզմի ցանկացած տեսակի նկատմամբ անհանդուրժողականությամբ: Թերթը գրում է նաև, որ Պուտինի և աս-Սիսիի հարաբերությունները վկայում են «ոչ լիբերալ ժողովրդավարության առավելությունների մասին»: Նման իրավիճակ է դիտվում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Կրեմլի հարաբերություններում, հավելում է թերթը:

 

Թերթը նաև նշում է, որ դժվար թե Պուտինը, աս-Սիսին և Էրդողանը բացեն «թագավորների, ֆելդ-մարշալների և սուլթանների ակումբ», բայց այնուամենայնիվ, նրանց քաղաքականության մեջ կան ընդհանուր գծեր: