Երևան-Մոսկվա չվերթի ոչ ադեկվատ ուղևորը ներկայացել է որպես Նիդեռլանդների հատուկ ծառայությունների աշխատակից

15:39 • 11.02.15

LifeNews-ը նոր մանրամասներ է ներկայացնում Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի հետ կատարվածի մասին, որը ոչ ադեկվատ ուղևորի պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Վոլգոգրադում։

 

Ըստ այդմ՝ Նիդեռլանդների 36-ամյա բնակիչ Ռոննի Պետրուս Ջոզեֆինան Երևանից Մոսկվայով թռչելիս է եղել Նիդեռլանդներ:

 

Հոլանդացին ասել է, որ ինքը Նիդեռլանդների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է: Պարզվել է Ռոննիի ճանապարհորդության երթուղին, որը բավական խճճված է եղել:

 

Իրավապահ մարմինների աղբյուրները հաղորդել են, որ Ռոննին իր մեքենայով Ամստերդամից Հայաստան է մեկնել՝ անցնելով Բուլղարիայի ու Թուրքիայի տարածքով: Երևանից ճանապարհորդը մեկնել է Վրաստան, ապա որոշ ժամանակով վերադարձել է Հայաստանի մայրաքաղաք, ապա մեկնել է Սիրիա, որտեղից դարձյալ եկել է Երևան:

 

Մեքենան թողնելով Հայաստանում՝ Ռոննին Նիդեռլանդներ մեկնելու տոմս է գնել: Չվերթը տարանցիկ է եղել, և նա պետք է թռչեր Մոսկվայով:

 

Հենց այդ թռիչքի ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը, որից հետո ճանապարհորդին ձերբակալել են:

 

Հոլանդացին ասել է, թե ինքնաթիռում թվացել է, թե իրեն վտանգ է սպառնում, այդ պատճառով էլ  սկսել է օգնություն խնդրել: Այն բանից հետո, երբ տղամարդը թակել է օդաչուների խցիկի դուռը, անձնակազմի հրամանատարը Վոլգոգրադում վայրէջք կատարելու որոշում է կայացրել:

 

Օդանավակայանի աղբյուրը LifeNews-ին պատմել է, որ օտարերկրացին սթափ է եղել, նրա արյան մեջ ալկոհոլ կամ թմրանյութ չի հայտնաբերվել: Արգելված նյութեր, իրեր չի ունեցել:

 

Ռոննի Պետրուս Ջոզեֆինան ՌԴ տարածքում գտնվելու իրավունք չունի և այժմ գտնվում է Վոլգոգրադի օդանավակայանի չեզոք գոտում: