Աշխարհում տարեկան 45.000 մարդ ինքնասպանություն է գործում գործազրկության պատճառով. հետազոտություն

13:47 • 11.02.15

Գործազրկությունն ինքնասպանությունների համար շատ ավելի մեծ գործոն է, քան տնտեսական ճգնաժամը: Lancet Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ գործազրկության պատճառով գրանցվում է ինն անգամ ավելի շատ մահ, քան տնտեսական ճգնաժամերի պատճառով, գրում է The Guardian-ը:

 

Վերջին տնտեսական ճգնաժամը 63 երկրում 5.000 մահվան պատճառ է դարձել, մինչդեռ 2000-ից 2011 թվականների ընթացքում գործազրկության պատճառով գրանցվել է 45.000 մահ:

 

Հեղինակների համաձայն՝ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինքնասպանությունների կանխարգելման ռազմավարությունները պետք է թիրախավորեն նրանց, ովքեր կորցնում են իրենց աշխատանքը, անգամ այն երկրներում, որոնք ռեցեսիայից չեն տուժել:

 

Նրանք գտել են, որ ինքնասպանության ռիսկը գործազուրկների շրջանում ավելի ուժեղ է այնտեղ, որտեղ ավելի շատ մարդ է աշխատում, և գործազուրկ լինելու իրավիճակը, հետևաբար, ավելի անսովոր է լինում: